7697 դիտում
18:14 21-03-2017
Մհեր Սահակյան. Դաշնակցական որոշեցի դառնալ ապրիլյան պատերազմի օրերին
Երեւանի Մալաթիա Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում ՀՅԴ ռեյտինգային ցուցակով ներկայացված Մհեր Սահակյանը համոզված է՝ եկել է երկրում նոր իրականություն ստեղծելու, նոր սկիզբ դնելու ժամանակը: Իսկ դրա ամենակարևոր նախադրյալը երիտասարդ թեկնածուն խորհրդարանական կառավարման համակարգին անցումն է համարում: «Հայաստանում փոխվել է իրականություն. սահմանադրական փոփոխությունները և ընտրական նոր օրենսգիրքն անհնար են դարձնում իշխանությունների միանձնյա ղեկավարումը:
Հայ Յեղափոխական Դաշնակցությունը 1998-ից պնդել է՝ Հայաստանի ապագան կարող է լինել ժողովրդավարական, սոցիալական և իրավական միայն կառավարման խորհրդարանական համակարգին անցնելու պարագայում»,- Shamshyan.com-ի հետ զրույցում նշեց Մհեր Սահակյանը: Ըստ նրա՝ կուսակցության «Նոր սկիզբ, արդար Հայաստան» կարգախոսն էլ կապվում է հենց մայր օրենսգրքի փոփոխության հետ:
«Հնարավոր չէ ունենալ արդար հասարակություն, եթե բոլոր ուժային, իրավական և տնտեսական ռեսուրսները մեկ անձի ձեռքում են: Հնարավոր չէ պատկերացնել այնպիսի մի մարդ, ով կարող է լինել ամենաարդարը, ամենաօբյեկտիվը: Ուստի կառավարման ճիշտ տարբերակը նախագահական ձևաչափից խորհրդարանական մոդելի անցումն է: Ես հավատում եմ, որ այն դեպքում, երբ կառավարումը կախված կլինի ոչ թե մեկ անձից, այլ կուսակցությունների քաղաքականությունից, Հայաստանում կփոխվեն սոցիալ- տնտեսական պայմանները, կփոխվի մարդկանց թե կենսակերպը, թե արդարության հանդեպ պատկերացումը:
Այսինքն սա ինքնին նոր սկիզբ է հայ քաղաքացու, հայ հասարակության համար»,- նշեց Մհեր Սահակյանը:
Պատգամավորի թեկնածուն համոզված է՝ «նոր սկիզբ» գաղափարի մեջ իր ներդրումը պետք է ունենա նաև քաղաքացին՝ գնահատելով իր քվեի արժեքը: «Քվեն հավասար չէ 10 հազար կամ 50 հազար դրամի կամ ինչ-որ պաշտոնի խոստման, մարդ պետք է գնահատի իր քվեն, հետո պահանջի այդ քվեի պատասխանը: Ազգային ժողովը հասարակության հայելին է: Եթե Ազգային ժողովում շարունակաբար ոչինչ չխոսող պատգամավորը կրկին ընտրվի, նշանակում է՝ դա է հասարակության պահանջը»: Մհեր Սահակյանի կարծիքով՝ երկրում հնարավոր է ունենալ արդյունավետ կառավարում, եթե Ազգային ժողովում լինեն համապատասխան մարդիկ: Ըստ նրա՝ ՀՅԴ-ն իր պատմությունով, անցած ճանապարհով ուժեղացել է և այսօր պատրաստ է խորհրդարանական համակարգում ժողովրդի համար ամենաարդյունավետ կառավարումն իրականացնել:
Երիտասարդ թեկնածուն երկրի առջև ծառացած ամենագլխավոր խնդիրը արտագաղթն է համարում. «Ամեն հնարավոր անհնարին քայլ պետք է ձեռնարկվի, որպեսզի Հայաստանում արտագաղթը դադարեցվի ու սկսվի ներգաղթի գործընթաց: Հիասթափության գործընթացը երկար չի կարող շարունակվել:
Կուսակցության նպատակն ապագա Ազգային ժողովում առավելագույն ներկայություն ունենալն է:
Խորհրդարանում ծանրակշիռ ներկայացվածություն ունենալու պարագայում կկարողանանք երկրում լուրջ տեղաշարժեր անել»,- համոզված է նա: Հայաստանի և Արցախի հանրապետությունների անվտանգության առումով երիտասարդ թեկնածուն համոզված է՝ հույսը պետք է դնել տնտեսության զարգացման, ներքին հզորացման, բանակի ուժեղացման, ազգ-բանակ գաղափարի իրականացման վրա:
Ի դեպ, պատգամավորի թեկնածու առաջադրվելը Մհեր Սահակյանի երկրորդ կարևոր ինքնուրույն որոշումն է: Առաջին որոշումը կայացրել է 2016-ին. ապրիլյան իրադարձությունների ժամանակ, չլինելով կուսակցական, դաշնակցության ջոկատների հետ որպես կամավոր մեկնել է Արցախ՝ Թալիշ: Այստեղ անցկացրած մի ամիսն էլ շարժառիթ է եղել, որպեսզի նա որոշի դառնա ՀՅԴ անդամ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+
Նմանատիպ նյութեր
10633 դիտում
09:39 22-07-2017
Շիրակի դաշնակցական մարզպետի նորամուծությունը. դիմավորում է Մհեր Մկրտչյանը. «Առավոտ»
Այս բաժնից
943 դիտում
19:39 25-10-2024
Արցախի թեմի առաջնորդը Մայր Տաճարում աղոթք կբարձրացնի հայ գերիների վերադարձի համար
1024 դիտում
19:26 25-10-2024
Քննարկվել են համագործակցության հեռանկարները Քեմբրիջի համալսարանի հետ
1339 դիտում
19:12 25-10-2024
Վրաստանում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Լոռու մարզում՝ 3 բալ ուժգնությամբ