211652_close_icon
views-count6777 դիտում article-date 12:52 27-03-2017

Մենք ոչ մեկից պակաս չենք՝ թե′ մեր «դուխով», թե′ մեր ինքնասիրությամբ, թե′ մեր խելքով, թե′ մեր «մուսկուլներով». Կարեն Կարապետյան

ՀՀԿ նախագահի առաջին տեղակալ, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը 2017 թ. խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի շրջանակում մարտի 26-ին այցելել է Շիրակի մարզ: Կարեն Կարապետյանը հանդիպումներ է ունեցել Աշոցքի, Ամասիայի, Գյումրու, Արթիկի և Անիի նախկին վարչատարածքների ընտրողների հետ, ներկայացրել ՀՀԿ նախընտրական ծրագրի դրույթները, տարբեր ուղղություններով սկսված բարեփոխումները և ծրագրերը: «Մեր բոլոր հաջողությունները, անհաջողությունները, թերությունները, սխալները հաշվի առնելով՝ ներկայացրել ենք ծրագիր: Եթե դուք համեմատեք, մեր ծրագիրն իրականում ծրագիր է, և ամպագոռգոռ խոստումներ չկան, որ ապրիլի 3-ին բոլոր խնդիրները լուծվելու են, իսկ ապրիլի 4-ին ընդհանրապես պրոբլեմ չի լինելու: Եթե որոշեք, որ մենք շարունակենք կառավարելը, ապա ձեր առջև պատասխան ենք տալու», - Շիրակի մարզի բնակչության հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հանրապետական կուսակցության առաջին փոխնախագահը: Սոցիալական հարցեր, համայնքային զարգացում և խոշորացում, ենթակառուցվածքների կառուցում ու բարելավում, աշխատատեղերի ստեղծում, բիզնես ծրագրերի խթանում, առողջապահության ոլորտի խնդիրներ, պետական կառավարման համակարգի բարեփոխումներ, սպորտի զարգացում. սրանք Շիրակի մարզի ընտրողներին ամենաշատը հետաքրքրող հարցերն էին: Կարեն Կարապետյանը հանգամանալից ներկայացրել է վերոնշյալ խնդիրների լուծման ուղղությամբ արդեն իսկ սկսված բարեփոխումները, ծրագրերն ու հետագա քայլերը: «2017թ. հայտարարել ենք ախտորոշման, սանիտարիզացիայի, պետական կառավարման բարեփոխումների, որոշումների կայացման համակարգի ստեղծման և ստաբիլացման տարի: Ախտորոշումը ցույց է տալիս, որ բոլոր ոլորտներում արդյունավետության պակաս ունենք, իսկ դա նշանակում է, որ բոլոր ոլորտներում պետք է բարեփոխումներ անենք: Մեր առաջարկած բարեփոխումները հավակնոտ են ու համարձակ, պրագմատիկ և ռացիոնալ, մենք ունենք կամք, նպատակասլացություն և որոշ դեպքերում նաև կոշտություն՝ դրանք կյանքի կոչելու համար: Ես շատ լավ պատկերացնում եմ, որ մեր քաղաքացիներն ունեն բազմաթիվ հիասթափություններ, նեղվածություն, չլուծված սոցիալ-տնտեսական խնդիրներ, արդարության նկատմամբ պակաս, պաշտոնյաների, էլիտաների ոչ ադեկվատ պահելաձև և այլն: Բայց իրականում շատ շահագրգռված եմ, որ մեզնից յուրաքանչյուրն իր մեջ համարձակություն և ուժ գտնի և թասիբի գցի իրեն՝ մենք ինչո՞վ ենք պակաս այն երկրներից, որոնք փոխվել են: Մենք առաջարկել ենք ձեզ ռադիկալ փոփոխություններ՝ ինչպե՞ս պետք է վարվենք հետագայում: Դա ընդգրկված է մեր համալիր ծրագրում», - ասել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը: Կարեն Կարապետյանը, մասնավորապես, անդրադարձել է Շիրակի մարզկենտրոն Գյումրի քաղաքում նախատեսվող ծրագրերին. «Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ այս տարի Գյումրիում լինելու են 41-45 մլն ԱՄՆ դոլարի ներդրումներ՝ 30-ից ավելի ծրագրերով և 2000 աշխատատեղի ստեղծմամբ: Գյումրու Շիրակ օդանավակայանում իրականացվում է 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրումային ծրագիր, որից 3 մլն ԱՄՆ դոլարը ներդրվելու է այս տարի: Մոտ ժամանակներս օդանավակայանում թռիչքներ կիարկանացնի նոր ավիաընկերություն: Թումո ընկերությունն այստեղ նոր կենտրոն է բացելու, որն իրականում աշխարհայացք, տրամադրություն փոխող ծրագիր է: Մենք սկսել ենք Կումայրի մշակութային կենտրոնի վերականգնման ծրագիրը, և ես պատիվ ունեմ ձեզ զեկուցելու, որ իմ ընտանիքի անդամները նույնպես մասնակցել են այդ ծրագրին: Մենք ստեղծել ենք հատուկ ֆոնդ, որի ներդրումային արժեքը 10 մլն ԱՄՆ դոլար է: Այն ոչ միայն նրանով է հետաքրքիր, որ ըստ մեր գնահատականի, 500-700 աշխատատեղ է ստեղծելու, այլ նաև առաջին անգամ նոր մշակույթ է բերելու Գյումրի, որտեղ լինելու է մասնավոր կապիտալ, կենսաթոշակային ֆոնդ, ապահովագրական ֆոնդ և ենթակառուցվածքներ»: Խոսելով 6 ամսվա կատարված աշխատանքի, կառավարության ծրագրի իրականացման մասին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ այն ամբողջությամբ կատարված է: Վարչապետը ներկայացրել է կառավարման, տնտեսական և սոցիալական ոլորտներում բարեփոխումների ընթացիկ արդյունքները. «Նախ և առաջ, մենք փոխել ենք կառավարման թիմը, հստակ ազդակ ենք տվել, թե կառավարական էլիտան, պաշտոնյաներն ինչ կեցվածք պետք է ունենան: Մենք անցնում ենք ավելի ճկուն և պրագմատիկ որոշումների կայացման: Անձնական պատասխանատվության ինստիտուտն ենք ներդրել յուրաքանչյուր նախարարի համար: «Մեկ պատուհանի» գաղափարն ենք իրականացնում պրակտիկորեն բոլոր ծառայություններում: Հարկային, մաքսային մարմիններում սկսել ենք շատ մեծ բարեփոխումներ, որոնց արդյունքում այսօր հարկային ծառայության հետ շփման ժամանակ բիզնեսը չի նեղվում: 140 ծառայությունից 67-ը պետական սեկտորից տվել ենք մասնավորին, և դուք այսօր կարող եք այդ ծառայություններից օգտվել ամենուրեք: Մենք հիմնովին, շատ ռադիկալ բարեփոխումներ ենք սկսել տարածքային կառավարման մեջ: Հայտարարել ենք, որ մեզնից յուրաքանչյուրը պետք է ամեն օր իր վրա աշխատի: Առանց էլիտայի մտածելակերպի փոփոխության չենք կարող մեր երկիրը փոխել: Տնտեսական ոլորտում մոնոպոլ, գերիշխող դիրք ունեցող մատակարարների խնդիրը սկզբունքորեն լուծել ենք: Այսօր չկա որևէ ապրանքի մատակարարում, որտեղ մենք չունենք դրանց քանակի կտրուկ աճ: Դա բերել է նրան, որ Նոր տարվա շեմին Վերին Լարսում ունենալով ապրանքի սահմանափակումներ, որոնց պարագայում միշտ գների աճ ենք ունեցել, այս տարի դա չենք: Մենք իջեցրել ենք գազի և էլեկտրաէներգիայի սակագները»: Կարեն Կարապետյանի խոսքով՝ սկզբունքորեն փոխվել է մոտեցումը նաև գյուղատնտեսության ոլորտում, ինչն այս տարի կզգացվի թե′ պարարտանյութի, թե′ սերմերի տրամադրման, թե′ կարկուտի, աղետների դեմ պայքարում: «Ստեղծել ենք բազմաթիվ ֆոնդեր: Մարտի 25-ին ստեղծել ենք շատ յուրահատուկ մասնավոր ֆոնդ՝ «Հայաստանի ներդրողների ակումբը», որի հիմնադիրները մեր սփյուռքահայերն են: Դա որակ է փոխելու, որը բերելու է նոր կորպորատիվ մշակույթ, նոր բիզնես էլիտայի օրինակներ», - տեղեկացրել է ՀՀԿ առաջին փոխնախագահը: Անդրադառնալով գյուղոլորտում վարկերի տոկոսադրույքների բարձր լինելու վերաբերյալ հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է. «Ճիշտ է՝ ոլորտում վարկերի տոկոսադրույքն այսօր նպաստավոր չէ վերարտադրման համար: Մեր կառավարման ընթացքում մենք 4 անգամ վերաֆինանսավորման տոկոսը նվազեցրել ենք, և այսօր շուկայում էժան տոկոսով փող է առաջացել, որը հետագայում էլի է էժանանալու: Անընդհատ հնչում է, որ կգանք, բանկի տոկոսները կնվազեցնենք: Տեսեք՝ այսօր տրվող վարկի 100 դրամից 91 դրամը մեր փողն է, որը ավանդով դրել ենք, 9 տոկոս փողն է դրսից բերված: Եվ ինչ գնով մեր փողն ավանդ ենք դնում, այդ գնից ելնելով՝ բանկն իր տոկոսն է դնում: Եթե մենք բանկի տոկոսները դիրեկտիվ, ադմինիստրատիվ իջեցնենք, չնայած նման բան չի լինում, մեր ժողովրդի ավանդների փողն ուրիշ տեղ է գնալու, և դրսից էլ փող չի գալու: Եթե մեր երկիր փող չմտավ, դառնալու ենք չորացված չիր, ավելի ենք չորանալու, որ վաղը գցենք ջրի մեջ, չի կարողանալու փափկել: Մենք չենք կարող բանկին՝ մասնավոր հիմնարկին, տոկոսի չափ պարտադրել, բայց մենք Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամով, «Հայաստանի ներդրողների ակումբ» հիմնադրամով շուկա ենք բերելու էժան փող: Էժան փողի առկայության պարագայում մրցակցությունը բերելու է նրան, որ բանկն ինչ ուզենա, չկարողանա անել», - նշել է ՀՀԿ առաջին նախագահի տեղակալը: Համայնքային կառավարման արդյունավետության բարձրացման համատեքստում Կարեն Կարապետյանը նաև խոսել է համայնքների զարգացման հնգամյա ծրագրի և խոշորացման անհրաժեշտության մասին: «Համայնքի զարգացման հնգամյա ծրագիրը չափազանց կարևոր փաստաթուղթ է, որից սկսվելու են երկրի փոփոխությունները: Մենք գնալու ենք խոշորացման, որովհետև դա տրամաբանական է և լավացնելու է համայնքների կառավարելիությունը: Պետք է գան պրոֆեսիոնալ կառավարիչներ, որ լավ կառավարեն և ժողովուրդը լավ ապրի, որովհետև խոշորացման արդյունքում հավանականություն ունենք ընտրել ավելի քիչ, բայց ավելի լավ կառավարիչներ», - շեշտել է Հանրապետական կուսակցության նախագահի առաջին տեղակալը: Կարեն Կարապետյանը նաև ներկայացրել է տրանսպորտային ենթակառուցվածքների բարեփոխման ծրագրերը. «Մենք Հայաստանի համար նոր տրանսպորտային ցանց ենք կառուցելու: Համակարգը սկզբունքորեն փոխելու ենք. տրանսպորտային ցանցը տրամաբանական շահութաբերությամբ կտորների բաժանելով և երկարաժամկետ պայմանագրեր տալով՝ ակնկալում ենք, որ կամաց-կամաց ձևավորվեն խոշոր տրանսպորտային ընկերություններ, որոնք համարձակություն կունենան ներդրում կատարել և նորմալ ավտոբուսներ ձեռք բերել»: ՀՀԿ առաջին փոխնախագահն ընդգծել է, որ Հանրապետական կուսակցությունն իր ծրագրով հստակ գիտի՝ ինչպես երկիրն այս վիճակից հանել. «Մենք ոչ մեկից պակաս չենք՝ թե′ մեր դուխով, թե′ մեր ինքնասիրությամբ, թե′ մեր խելքով, թե′ մեր մուսկուլներով: Եվ ինչո՞ւ մենք չպետք է փոխենք մեր երկիրը, ուրիշները կարողանան փոխել: Այդ առումով չափազանց շահագրգռված եմ, որ դուք լավատեսորեն տրամադրվեք, չնայած որ կենցաղային պայմաններն այսօր լավատեսության շատ մեծ հիմք չեն տալիս: Բայց հավատացնում եմ ձեզ՝ մի քանի տարի անց ունենալու ենք որակապես այլ երկիր: Մեր թիմը գիտի՝ դա ինչպես անել և շատ լավ գիտակցում է, թե գլուխներս ինչի տակ ենք դնում: Այսօրվա կառավարիչների թիմը շատ հայրենասեր է, պարկեշտ ու պրոֆեսիոնալ: Մեզ՝ որպես ՀՀ քաղաքացիների, որպես կառավարիչների համար գերագույն բավականություն կլինի այն, որ կարողանանք ծառայել մեր երկրին, մեր հայրենիքին, մեր ու ձեր երեխայի, թոռան համար թողնենք նորմալ երկիր: Պետք է դրան հավատալ, եթե չհավատանք, չենք կարող առաջ շարժվել: Քարոզարշավի մեջ ես ունեմ որոշակի բավարարվածություն այն առումով, որ անկեղծ, ազնիվ խոսում եմ այն մասին, ինչի տակ կարող եմ մտնել և որևէ հարցում արհեստական չեմ հաճոյացել: Մենք միշտ ասել ենք՝ մեր կուսակցությունը բազմաշերտ է և ամենամեծն է: Մեր կուսակցության մեջ յուրաքանչյուր քաղաքացի կարող է տեսնել իր տեսակին, ինչն արտահայտում է մեր երկրի ընդհանուր պատկերը»: ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը կոչ է արել ապրիլի 2-ին ակտիվ քաղաքացիական դիրքորոշում դրսևորել և ընտրություն կատարել. «Սիրելի′ ժողովուրդ, ձեր միջով անցկացրեք բոլոր ծրագրերը, որ լսել եք, մտածեք՝ ում եք վստահելու վաղը մեր երկիրը ներկայացնելու, բանակը կառավարելու, արդարադատության գլխին կանգնելու, կրթությունը զարգացնելու գործը: Մենք իրականում ձեզ ներկայացրել ենք համալիր, մեծ, հավակնոտ ծրագիր և պատկերացնում ենք՝ ինչպես դա անել: Եթե դուք որոշեք ձեր ձայնը տալ մեր ռեյտինգային թեկնածուներին և Հայաստանի Հանրապետական կուսակցությանը, ապա մենք խոստանում ենք, որ դրա պատասխանը ձեզ տալու ենք:»

Նմանատիպ նյութեր