211652_close_icon
views-count2068 դիտում article-date 16:32 30-03-2017

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի 2 պաշտոնատար անձի առաջադրվել է մեղադրանք՝ պաշտոնեական անփութության համար. ՀՔԾ

ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչների վարույթին հանձնված` կալանավորի պահպանությունն իրականացնող պաշտոնատար անձանց պաշտոնեական անփութության փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Արդյունքում ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի երկու աշխատակցի մեղադրանք է առաջադրվել ծառայողական պարտականությունները պատշաճ կարգով չկատարելու և ծառայության նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու համար: Մասնավորապես, նախաքննության ընթացքում պարզվել է, որ 03.02.2017թ.-ին «Նուբարաշեն» ՔԿՀ-ի անվտանգության ապահովման բաժնի մասնագետ Ռոման Մարգարյանն ու պահպանության ապահովման բաժնի մասնագետ Արթուր Եղիազարյանն ընդգրկվել են պահախմբում` իրականացնելու Արմենիա հանրապետական բժշկական կենտրոնում բուժման նպատակով գտնվող նույն ՔԿ հիմնարկի կալանավոր Սուրեն Գրիգորյանի պահպանությունն ու հսկողությունը: Սակայն Ռ. Մարգարյանն ու պահախմբի ավագ նշանակված Ա. Եղիազարյանը, ծառայության նկատմամբ դրսևորելով անփույթ և անբարեխիղճ վերաբերմունք, խախտելով կալանավորված անձանց պահպանության համար սահմանված կարգը, մշտական հսկողություն չեն ապահովել կալանավորի նկատմամբ և միջոցներ չեն ձեռնարկել վերջինիս փախուստը բացառելու նպատակով. այսպես, 04.02.2017թ.-ի առավոտյան պահախմբի ավագը հիվանդասենյակում հսկողություն իրականացնելու ժամանակ քնել է, իսկ Ռ. Մարգարյանը բացակայել է պահպանվող տարածքից: Կալանավորն էլ, օգտվելով այդ հանգամանքներից, անարգել դուրս է եկել սենյակից և սանհանգույցի պատուհանից դիմել փախուստի: Քրեակատարողական հիմնարկի հիշյալ աշխատակիցների դրսևորած պաշտոնեական անփութության հետևանքով ծանր հանցագործության մեջ մեղադրվող կալանավոր Ս. Գրիգորյանն առանց օրինական հիմքերի հայտնվել է ազատության մեջ: Բացի այդ, խաթարվել է Նուբարաշեն ՔԿՀ-ի բնականոն գործունեությունն ու հեղինակազրկվել ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայությունը, ինչի համար Ա. Եղիազարյանին ու Ռ. Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 315-րդ հոդվածի 1-ին մասով: Քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Գործը մեղադրական եզրակացությամբ հանձնվել է դատավարական հսկողություն իրականացնող դատախազին` այն հաստատելու և դատարան ուղարկելու համար: [color=#CC0000]Ծանուցում[/color]. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր