211652_close_icon
views-count4829 դիտում article-date 20:25 20-04-2017

Քննարկվել է Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագիծը

Ապրիլի 7-ին Էրեբունի արգելոց-թանգարանում կայացել է ՀՀ մշակույթի նախարարության գիտամեթոդական խորհրդի արտագնա նիստը, որի օրակարգում «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագծի» առաջին փուլում իրականացված աշխատանքների ներկայացումն ու քննարկումն էր: Նիստին ներկա էին գիտամեթոդական խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ա. Սամուելյանը, խորհրդի անդամներ և նշված նախագծի հեղինակային խմբի անդամները: Նախագծի ներկայացման ընթացքում «Էրեբունի» արգելոց-թանգարանի տնօրեն, նախագծի աշխատանքների համակարգող Գ. Գյուրջյանը ներկայացրել է նախագծի կառուցվածքը՝ անդրադառնալով նախագծային աշխատանքների ընթացքին: Նախագծային խմբի ճարտարապետ-վերականգնողները մանրամասն ներկայացրել են հնավայրի ցանկապատման և անցակետերի կառուցման, պորտիկի վերականգնման, Խալդի տաճարի ու պալատի վերականգնման և ամրակայման, կարասային սրահի մասնակի վերականգնման, ուրարտական խոհանոցի և ենթակառուցվածքների ստեղծման, ամֆիթատրոնի և սպասարկման սրահի կառուցման էսքիզային նախագծերը: Նախագծի քննարկման ընթացքում եղել են առաջարկություններ և դիտարկումներ փորձագետների կողմից, որոնք նախագիծն իրականացնող մասնագետները կներառեն առաջիկա աշխատանքային փուլերում: Գիտամեթոդական խորհրդի անդամները, ընդհանուր առմամբ, գոհունակություն են հայտնել նախագծային աշխատանքների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր