211652_close_icon
views-count2636 դիտում article-date 16:43 17-03-2017

«Էրեբունի» միջնաբերդի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարի. Գագիկ Գյուրջյան

«Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանում ներկայացվել են «Էրեբունի հնավայրի միջնաբերդի մասնակի վերականգնման և այցելուների սպասարկման արդիականացման նախագծի» շրջանակում առաջին փուլով իրականացված աշխատանքները: Հանդիպմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, Երևանի գլխավոր ճարտարապետ Տիգրան Բարսեղյանը, Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը, նաև նախագծի հեղինակային խմբի անդամները: Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ «Էրեբունի-Երևանի» 2800-ամյակին նվիրված միջոցառումների համատեքստում իրականացվելիք ծրագիրը նախատեսում է ինը առանձին բաղադրիչ: Նախագծի հեղինակային խմբում ընդգրկված են հնագետներ, պատմաբաններ, ճարտարապետներ, երկրաբաններ, որմնանկարների վերականգնման հայաստանյան լավագույն մասնագետներ: Նախագծային խմբի ճարտարապետ-վերականգնողները մանրամասն ներկայացրել են հնավայրի ցանկապատման և անցակետերի կառուցման, պորտիկի վերականգնման աշխատանքային նախագծերը, Խալդի Աստծո տաճարի ու պալատի վերականգնման և ամրակայման, կարասային սրահի մասնակի վերականգնման, ուրարտական խոհանոցի և ենթակառուցվածքների ստեղծման, ամֆիթատրոնի և սպասարկման սրահի կառուցման էսքիզային նախագծերը: Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, ծանոթանալով իրականացված աշխատանքներին և կարևորելով ծրագրի իրականացումը, էսքիզային նախագծերի վերաբերյալ ներկայացրել է իր առաջարկություններն ու դիտարկումները: «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանն էլ, անդրադառնալով նախագծային աշխատանքների ընթացքին, նշել է, որ «Էրեբունի» միջնաբերդի վերականգնման աշխատանքները կմեկնարկեն արդեն այս տարի:

Նմանատիպ նյութեր