3215 դիտում
21:00 28-04-2017
Տեղի է ունեցել «Սփյուռքի զորակցությամբ» խորագրով կլոր սեղան-քննարկում
Ապրիլի 28-ին ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ «Սփյուռքի զորակցությամբ» խորագրով կլոր սեղան-քննարկում, որին ներկա էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը, նախարարության տարածաշրջանային վարչությունների ղեկավարներ, սփյուռքահայ հայտնի բարերարներ, գործարարներ և ներդրողներ:
Ողջույնի խոսքով հանդես եկավ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը: «Այս կլոր սեղան-քննարկման նպատակը մեկն է՝ լսել Հայրենիքում ունեցած հաջողությունների ձեր պատմությունները, իմանալ խնդիրների մասին և փորձել պատասխաններ և լուծումներ գտնել այն հարցադրումներին, որոնք կհնչեն այս հանդիպման ընթացքում: Մենք պատրաստ ենք անելու հնարավորինը, որ հնչած առաջարկություններն ու տեսակետները հետագայում տեղափոխվեն նաև գործնական ոլորտ և զարգացում ունենան»,-ասաց նախարարը:
ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը հավելեց, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը բազում ծրագրեր է մշակում և իրագործում երկրում տնտեսության զարգացումը, կայունացումը և առաջընթացը ապահովելու համար:
«Մեծ ուշադրություն է դարձվում նաև սփյուռքահայ ներդրողների ներկայությանը հայաստանյան տնտեսական կյանքում: Սակայն այստեղ մի բաց կա. այսօր էլ բավականին մեծ թվով սփյուռքահայ ներդրողներ կան Հայաստանում, որոնք հաջողությունների են հասել, իրենց ներդրումն ունեն մեր տնտեսական կյանքի բարելավման գործում, և մենք պետք է հանրահռչակենք նրանց, քանի որ նրանք ոչ միայն լավ օրինակ են, այլև նպաստում են Հայաստան-Սփյուռք կապի ամրապնդմանն ու զարգացմանը»,-ասաց նախարարի տեղակալը՝ նշելով, որ առանց խնդիրների մասին խոսելու և դրանց էությունը հասկանալու հնարավոր չէ ցանկությունները իրականություն դարձնել, և այս քննարկման նպատակն է նաև այդ խնդիրները վեր հանելը, դրանց իրատաեսական լուծումներ փնտրելը:
Այնուհետ ելույթներով հանդես եկան ներկաները: «Վերադարձ Հայաստան» հիմնադրամի նախագահ Վարդան Մարաշլյանն ասաց. «Մենք արդեն մեկ տարի է՝ այս ոլորտում ենք, և հաջողությունների մասին կարելի է երկար խոսել: Անդրադառնալով առկա խնդիրներին՝ կցանկանայի նշել մի քանիսը: Առաջինը «Հայրենադարձության մասին» օրենքի անհարաժետությունն է, որի նախագծի աշխատանքները տարվում են: Սա թույլ կտա հատուկ կարգավիճակ սահմանել հայրենադարձների համար, կհստակեցնի նրանց համար նախատեսված արտոնությունները, պարտավորություններն ու պարտականությունները: Սփյուռքի նախարարության համար հայրենադարձությունը օրակարգային հարց է, և դա այսօրվա հրամայականն է նաև»: Վարդան Մարալշյանը նկատեց, որ հայաստանյան մասնավոր ծրագրերը, որոնք շատ հաճախ ստեղծվում են նաև հայրենադարձների կողմից, կարիք ունեն ճանաչում ձեռք բերելու, և դա պետք է արվի տեղեկատվական հարթակներում:
Ռուսաստանի հայերի միության փոխնախագահ Վլադիմիր Աղայանը նշեց. «Մենք լավ ենք գիտակցում Հայաստան-Սփյուռք-Արցախ եռամիասնության կարևորությունը: Այդ միանության մեջ վճռական դեր ունի Հայաստանը, որը պետք է լինի հզոր և ուժեղ: Այդ հզորացման գործում մեծ դերակատարություն ունի Սփյուռքը, սփյուռքահայերի զորակցությունը Հայրենիքին: Հայաստանյան շուկան և տնտեսությունը բարենպաստ միջավայր են սփյուռքահայերի համար իրենց բիզնես ծրագրերը կյանքի կոչելու համար: Իսկ յուրաքանչյուր հաջողված ծրագիր իր նպաստ է բերում նաև Հայաստանին»:
Յարոսլավլի հայկական համայնքի ներկայացուցիչ Զաքար Խոջաբաղյանը նկատեց, որ Հայաստանում գործունեություն ծավալող հայրենադարձները ոչ միայն պիտի ուղղորդվեն բիզնես շահերից ելնելով, այլև պիտի իրենց մեջ ունենան Հայաստանին զորակցելու գիտակցությունը: «Մինչև 2019 թվականը նպատակ ուենք ստեղծել և ընդլայնել ինժեներական լաբորատորիաների թիվը Հայաստանում, նաև Հայաստանից դուրս: Սփյուռքի երիտասարդները պիտի տեղյակ լինեն Հայաստանում նորագույն տեխնոլոգիաների առաջընթացի և առկա հնարավորությունների մասին, իսկ այդ առումով Հայաստանը իրոք առաջատար է: Նախատեսվում է, որ շատ ծրագրեր պիտի լինեն հենց հայերենով, որպեսզի սփյուռքահայ երիտասարդները շահագռգռված լինեն սովորելու հայերենը, քանի որ այն իրենց համար այն կարող է դառնալ նաև աշխատանքային լեզու և նոր հեռանկարներ բացել»,- Զաքար Խոջաբաղյանը:
Ելույթ ունեցան նաև «Փյունիկ» մարդային ռեսուրսների զարգացման հիմնադրամի պատվո նախագահ Գաբրիել Ջամբարջին, «1 Հայաստան» կազմակերպության ղեկավար Անահիտ Գալստյանը, Ամերիկայի Ավետարանչական ընկերակցության հայաստանյան գրասենյակի ղեկավար Հարություն Ներսիսյանը և այլք:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
538 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված
577 դիտում
09:09 21-12-2024
Երկրաշարժը զգացվել է Վայոց ձորի և Սյունիքի մարզերում
709 դիտում
23:25 20-12-2024
ԳԱԱ որոշ գիտաշխատողներ աշխատում են ընդդեմ սեփական պետության․ Հայկ Դեմոյան