211652_close_icon
views-count3994 դիտում article-date 10:13 04-05-2017

Ծառուկյանը ձեզ չի ուզում, ո՞ւր եք խցկվում. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Ծառուկյանի ցուցակի «ապստամբ» 8 անդամները, որոնք ի հեճուկս իրենց «դաշինքային շեֆի» ցանկության՝ երեսները պնդացրին ու պահանջեցին իրենց մանդատները, օրենքի տեսանկյունից միանգամայն իրավացի էին, քաղաքական առումով նույնպես գուցե ունեն իրենց հիմնավորումները: Բայց մեր Ազգային ժողովի դեպքում օրենքի կամ քաղաքականության չափանիշները գրեթե կիրառելի չեն: Մեզանում գործում են «տղայական» չափանիշները, ըստ որոնց՝ ձեզ Ծառուկյանը չի ուզում, ո՞ւր եք խցկվում: Կամ ամբողջ նախընտրական շրջանում փառաբանում էիք Ծառուկյանին, որը ձեզ լավություն էր արել՝ ընդգրկելով իր ցուցակի մեջ, այդ ինչու հանկարծ գնացիք ձեր փառաբանած բարերարի կամքին հակառակ: Եվ ասել, որ այդ «տղայական» մոտեցումները ծայրից ծայր սխալ են, նույնպես արդար չի լինի՝ պարզապես դա որոշակի հասարակական մակարդակ է, որը հատուկ է ոչ միայն այդ քաղաքական ուժին: Ավելին՝ հատուկ է ոչ միայն քաղաքական ուժերին: Իրականում, եթե չափանիշն այն է, թե ով որքան է ձայն բերել, ով որքան է փող ծախսել, ով ում խնամին է և ով ում փեսան, այդ համակարգում խոսել քաղաքական թիմի մասին՝ ավելորդ է: Ինչն է կապում ասենք Արարատ Զուրաբյանին կամ Նապոլեոն Ազիզյանին Գագիկ Ծառուկյանի հետ: Միևնույն գեղագիտական կամ փիլիսոփայական հայացքնե՞րը, միևնույնը տեսլականնե՞րը տնտեսության, կրթության կամ մշակույթի զարգացման վերաբերյալ: Ոչ, նրանց միավորում էր պայմանավորվածությունը՝ դու կծախսես այսքան փող, կբերես այսքան ձայն, կփառաբանես կուսակցության ղեկավարին, ուրիշ թեմաներով ավել-պակաս չես խոսի, դրա դիմաց կհայտնվես ցուցակի այսինչ տեղում կամ հնարավորություն կստանաս անցնել «ռեյտինգայինով»: Կողմերը կարող են տարբեր պատկերացումներ ունենալ այն մասին, թե որքանով են այդ պայմանավորվածությունները պահպանվել, և այստեղից էլ, հավանաբար ծագեցին որոշակի «թյուրիմացություններ»: Ինչն այդ 8 հոգուն դրդեց «ապստամբել» և ակնհայտորեն փչացնելով հարաբերությունները Ծառուկյանի հետ, ու հարվածի տակ դնելով մարդկային արժանապատվությունը, կռիվ տալ մանդատների համար: Հավանաբար, նրանց ինչ-որ տեղից «բզել» են: Հիմա, լինելով «տարած-հետբերածի» կարգավիճակում, նրանք, իհարկե, չեն կարողանա քաղաքական գործունեություն ծավալել խորհրդարանում: Բայց դա նրանց, հավանաբար, պետք էլ չէ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր