211652_close_icon
views-count3819 դիտում article-date 10:28 13-05-2017

Եթե մարդն ապրում է առանց նպատակի, ոչ մի դղյակ և թանկաժեք մեքենա նրան երջանիկ չի դարձնի. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Տարկովսկու «Սթալքեր» ֆիլմում և, համապատասխանաբար, սկբնաղբյուր գրքում խոսվում է մի մարդու մասին, որը ինքնասպանություն է գործում, երբ իր իրական ցանկություններն իրականանում են: Հավանաբար, նա իր ցանկությունների մասին չափից դուրս լավ կարծիքի էր: Ձևակերպել իրական ցանկությունը՝ դա այնքան էլ հեշտ ու անվնաս գործ չէ: Բայց անհրաժեշտ: Առանց այդ ձևակերպումների կյանքն անիմաստ է դառնում: Երբեմն նաև՝ ձևակերպումներով է այդպիսին դառնում, ինչպես երևում է վերոհիշյալ օրինակից: Եթե մեզանից որևէ մեկին հարցնեն՝ ինչ ենք մենք ցանկանում, պատասխանն, ամենայն հավանականությամբ, կլինի՝ ուզում եմ, որ իմ աշխտավարձը տասն անգամ բարձրանա: Ուզում եմ լավ մեքենա, լավ տուն, առողջություն հարազատներիս, գուցե, եթե խոսքը երիտասարդ տղամարդու մասին է՝ բազմաթիվ հաջողությունները սիրային ճակատում: Եվ վերջապես՝ ուզում եմ արդար, օրինական երկրում ապրել: Ինձ թվում է, դրանք ցանկություններ չեն՝ դատարկ երազանքներ են: Որովհետև ցանկությունը պետք է ձևակերպված լինի որպես մտածված, գիտակացված մի ընտրություն: Եթե ուզում եք՝ որպես կյանքի իմաստ: Ես խիստ կասկածում եմ, որ որևէ մեկը հոգու խորքում ընդունի, որ թվարկած ցանկություններն իր կյանքի իմաստն են: Իսկ եթե մարդն ապրում է առանց իմաստի, առանց նպատակի, ոչ մի դղյակ և թանկաժեք մեքենա նրան երջանիկ չի դարձնի: Օրինակ, «ես ուզում եմ ապրել օրինական երկրում»: Դա նշանակում է, որ ինչ-որ մի տեղ կա «օրիական երկիր» կամ քո երկիրն ինչ-որ հրաշքով պետք է դառնա օրինական, և ես պետք է «ոտքս ոտիս քցած» վայելեմ այդ օրինականությունը: Բայց ինքս ողջունեմ օրենքի կոպիտ խախտումները, կամ ինքս՝ ինձ «վստահված օղակում» ապօրինություններ գործեմ: Այնպես որ ցանկացած մարդ իր ցանկությունների մասին բարձրաձայնելուց առաջ պետք է ինքն իրեն հարց տա՝ իսկ ես իսկապե՞ս եմ դա ցանկանում, թե՞ խոսում եմ այդ ցանկության մասին այն պատճառով, որ, օրինակ, իմ միջավայրում ընդունված է նման բաներ ցանկանալ: Ես իսկապե՞ս եմ ցանկանում, որ թուրքերը մեզ վերադարձնեն Մասիս սարը: (Եվ եթե վերադարձնեն` ի՞նչ եմ այդ սարի հետ անելու): Թե՞ բարձրաձայնում եմ իմ այդ ցանկության մասին, որովհետև դա ընդունված է «ազգային իղձ» համարել: Ես իսկապե՞ս եմ ցանկանում ոստիկան դառնալ: Թե՞ ինձ պարզապես ասել են, որ «միլիցեքը լավ փող են առնում»: Լրջորեն ձևակերպել սեփական ցանկությունները անհրաժեշտ է, բնականաբար, ոչ միայն անձնական, այլև համազգային մակարդակով: Թվում է, թե մենք դրան մոտ էինք 1988 թվականին: Բայց հետո ընկանք երազանքների գիրկը՝ ճիշտ այնպես, ինչպես անհատները երազում են շքեղ մեքենաների, արդար երկրի կամ Մասիս սարի մասին: Հաճախ է պատահում, որ անհատները և ազգերը չգիտեն իրենց անելիքները, չեն գիտակցում առաքելությունը: Իսկ դա իրական ցանկության պարտադիր բաղադրիչն է»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր