211652_close_icon
views-count3706 դիտում article-date 10:34 18-05-2017

Պաշտոնյայի՝ 4 հարկանի դղյակ ունենալը նրա անձնական գործը չէ. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Արդյոք ճի՞շտ էին վարվել Դանիել Իոաննիսյանը և նրա կազմակերպության անդամները՝ դրդելով ՀՀԿ-ական ուսուցիչներին բացահայտել իրենց «նախընտրական ակտիվությունը»: Այդ հարցին չկա միանշանակ պատասխան: Էթիկայի տեսակետից վիճելի է զանգել և ներկայանալով ոչ քո անունից՝ տեղեկատվություն կորզել: Ես, համենայնդեպս, «Առավոտի» լրագրողներին խորհուրդ չեմ տալիս նման բաներ անել՝ կարծում եմ, որ այստեղ խաբեության, խարդախության ինչ-որ տարր կա: Բայց մյուս կողմից՝ այդ վիճելի արարքի հասարակական հնչեղությունը և նշանակությունը ինչ-որ չափով հավասարակշռում են դրա տգեղ կողմերը: Ինձ տնօրենների ձայնագրությունները տեղեկատվություն են տալիս ոչ այնքան ընտրական պրոցեսների, որքան դպրոցների բարքերի, տնօրենների մտավոր մակարդակի և բարոյական արժեքների մասին: Բայց եթե բուն այդ «օպերացիան» քննարկման առարկա է (քանի որ հասարակական գործունեություն է), ապա Դանիելի անձնական կյանքը, նրա հարաբերությունները հարազատների հետ, ինձ թվում է, քննարկման առարկա չպիտի լինեն: Դա այնպիսի մի ոլորտ է, որտեղ մտնել չի կարելի: Եվ անձնական կյանքի դրվագները Դանիելին ավելի ճիշտ կամ ավելի սխալ չեն դարձնում: «Շանթ» հեռուստաընկերության «Դիրքերում» շարքի օպերատոր Դավիթ Աթոյանը մշտապես առաջնագծում էր, իր կյանքը վտանգի ենթարկելով՝ նկարահանումներ էր անում: Նկարահանումներից մեկի ժամանակ նա վիրավորվել է: Իհարկե, բուն հաղորդաշարը կարող է ոմանց դուր գալ, իսկ ոմանց դուր չգալ: Նորմալ եմ համարում նաև, որ գործընկերները քննարկում են, թե ինչպես է պետք գնալ նկարահանումների, ինչ հագուստով, ինչ մեքենայով և այլն: Աննորմալն, իմ կարծիքով, հիվանդանոցում գտնվող երիտասարդին վարկաբեկելն է՝ նրա երբեմնի ընտանեկան խնդիրները վեր հանելով: Դարձյալ կարծում եմ, որ դա ոչ մեկի գործը չէ, դա չպիտի որևէ մեկին հետաքրքրի: Այդ խնդիրների պատճառով Դավիթն ավելի լավ կամ ավելի վատ օպերատոր չի դառնում: Ինձ համար անձնականի և հասարակականի սահմանները միանգամայն պարզ են: Պաշտոնյայի՝ 4 հարկանի դղյակ ունենալը նրա անձնական գործը չէ, որովհետև Հայաստանում ոչ մի պաշտոնյա իր աշխատավարձով չի կարող դղյակ կառուցել: Պաշտոնյայի կամ որևէ այլ հանրային դեմքի ընտանեկան կյանքը, հարաբերությունները հարազատների հետ ճիշտ հակառակը՝ նրա անձնական գործն են, դրանք որևէ ձևով կապված չեն տվյալ անձի հասարակական դրսևորումների հետ: Պիտի կրկնեմ նախորդ հոդվածում իմ ասածը՝ մարդն ազատ է ապրել այնպես, ինչպես իրեն է դուր գալիս, ոչ թե այնպես, ինչպես որևէ մեկն իրեն ստիպում է կամ իրենից պահանջում է: Պարտադրող միակ գործոնը պետության օրենքներն են»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր