1313 դիտում
11:51 18-05-2017
Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի խոսքը Ազգային ժողովի 6-րդ գումարման անդրանիկ նիստին
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոսը ողջույնի ավանդական ուղերձով դիմել է նորընտիր խորհրդարաին.
Մեծարգո Նախագահ Հայաստանի Հանրապետության,
Հարգարժան պատգամավորներ,
Հարգելի ներկաներ,
Հայրապետական Մեր ողջույնն ու օրհնությունն ենք բերում Ձեզ և շնորհավորում Ազգային Ժողովի նորընտիր պատգամավորներին 6-րդ գումարման այս առաջին նիստի առիթով:
Ազգային Ժողովի դերակատարությունը պետական կառավարման համակարգում այսուհետ էականորեն ընդլայնվում է՝ պայմանավորված սահմանադրական փոփոխությունների արդյունքում խորհրդարանական կառավարման անցնելու հանգամանքով: Առավել մեծ լիազորություններով ու իրավասություններով օժտված բարձրագույն մարմին որպես` Ազգային Ժողովն ստանձնում է նաև առավել մեծ պատասխանատվություն մեր երկրի ու ժողովրդի կյանքում, մեր ներկայի և ապագայի հանդեպ:
Մեր պետականության կայացման և մեր երկրում վերափոխումների իրականացման ճանապարհին Ազգային ժողովի կողմից կարևոր քայլեր են ձեռնարկվել՝ ստեղծելու օրենսդրական հիմքերը իրավական պետության ու քաղաքացիական հասարակության ձևավորման, մեր երկրում տնտեսության, գիտության, մշակույթի զարգացման համար: Այս տարիներին ջանքեր են ներդրվել նաև ապահովելու բարենպաստ միջավայր հոգևոր և ազգային-եկեղեցական կյանքի զորացման համար:
Բոլոր ձեռքբերումներով հանդերձ՝ մեր կյանքից, սակայն, դեռևս թոթափված չեն խնդիրներն ու դժվարությունները: Ծանրակշիռ ջանքեր պահանջող ուղի պիտի անցնենք՝ կերտելու համար մեր ժողովրդի բարօր կյանքը, ապահովելու խաղաղությունը մեր սահմաններում, պաշտպանելու մեր ժողովրդի իրավունքները և իրագործելու համար ազգային մեր իղձերը:
Մեծարգո պատգամավորներ, բարձրագույն օրենսդիր մարմնում դուք կոչված եք մեր երկրին ու հավատավոր ժողովրդին ծառայելու նվիրական, մեծ ու պատասխանատու առաքելության: Օրենքները, որոնք պիտի ընդունվեն այս բարձր մարմնում, պիտի ամրացնեն և առաջընթաց բերեն մեր հասարակական կյանքին, դառնան հարազատ հայելին մեր ինքնության, մեր արժեքների, արտահայտեն մեր ժողովրդի իղձերը, ամրապնդեն ազգային մեր համերաշխությունն ու միասնությունը:
Խորհրդարանը նաև կարևոր հարթակ է, որտեղ բազմակարծությունը, մտքերի ու նախաձեռնությունների բազմազանությունը՝ ծնունդ առած հայրենասեր ու նախանձախնդիր նույն ոգուց, առավել պիտի ընդլայնեն մեր երկրի զարգացման հեռանկարները: Հայացքների ու տեսակետների տարբերությունները, սակայն, երբեք չպիտի դառնան պատճառ հակառակությունների ու անհանդուրժողականության՝ խոչընդոտելով Ազգային Ժողովի արդյունավոր առաքելությունը: Ի դեպ է այսօր հիշել Ս. Ներսես Շնորհալու պատգամը. «Միութիւն ի կարևորս, ազատութիւն ի երկբայականս և սէր` յամենայնի»: Հավատարմորեն հետևեք հայրապետի հորդորին, պահպանեք միությունը կարևոր գործերում, ազատությունը` երկրորդականներում և սերը` ամեն ինչում:
Մեր մաղթանքն է, որ համերաշխ գործակցությամբ միավորեք ձեր ջանքերն ու նվիրումը հանուն մեր հայրենիքի ու ժողովրդի խաղաղ, լուսավոր ու բարի կյանքի: Աղոթում ենք, որ Աստված զորացնի ձեզ հայրենասեր ոգով, պարգևի եռանդ ու կորով` մնայուն ձեռքբերումներ արձանագրելու ձեր բարձր առաքելության մեջ: Հարուցյալ մեր Տիրոջ շնորհներն ու հաղթական սուրբ խաչի պահպանությունն ենք հայցում ձեզ ամենքիդ և Սուրբ Հոգու առաջնորդությունը:
Նմանատիպ նյութեր
1241 դիտում
14:16 28-01-2014
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի ուղերձը Հայոց բանակի օրվա առթիվ
5031 դիտում
15:44 28-01-2016
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ ամենայն հայոց կաթողիկոսի ուղերձը՝ Հայոց բանակի օրվա առթիվ
Այս բաժնից
910 դիտում
23:50 31-01-2025
Զարեհ Սինանյանը կմասնակցի Հայ իրավաբանների համաժողովին
1066 դիտում
23:39 31-01-2025
Նիկոլ Փաշինյանը մեկ բան պիտի անի՝ հրապարակի բոլոր փաստաթղթերը. Աշոտյան
958 դիտում
23:24 31-01-2025
Մհեր Գրիգորյանի գլխավորած պատվիրակությունը Ալմաթիում մասնակցել է «Digital Almaty 2025» համաժողովին