211652_close_icon
views-count1510 դիտում article-date 20:20 20-02-2019

Աստվածաշնորհ լույս ու օրհնություն էր ազգային ու եկեղեցական մեր կյանքին. Ամենայն Հայոց Կաթողիկոսի ցավակցական խոսքը Լուիզ Մանուկյան Սիմոնի վախճանման առիթով

Խորը վշտով տեղեկացանք Առաքելական մեր Սուրբ Եկեղեցու հարազատ և սիրեցյալ զավակ, ազգային մեծ բարերար, մեր ժողովրդի արժանավոր դուստր Լուիզ Մանուկյան Սիմոնի մահվան մասին։ Սրտի մորմոքով սգում ենք մեծանուն հայուհու ցավագին կորուստը, քաղցրությամբ վերհիշում իր աստվածաշնորհ կյանքի ընթացքում ազգասեր ու եկեղեցանվեր ոգով պսակված լուսեղեն իրագործումները, եկեղեցաշեն ու ազգանվեր գործերի բյուր արդյունքները։ Բարեհիշատակ Լուիզ Մանուկյան Սիմոնը, որպես հայրենասեր և եկեղեցանվեր հայուհի, աստվածաշնորհ լույս ու օրհնություն էր ազգային ու եկեղեցական մեր կյանքին։ Նա նորովի ցոլացրեց փառքը Մանուկյան բարերար գերդաստանի՝ հիրավի հանդիսանալով մեր իրականության մեծագույն բարեգործ ու նվիրյալ: Բազում մեծագործություններն ու ազգաշեն իրագործումները Լուիզ Մանուկյան Սիմոնի անունը ոսկեղեն տառերով են արձանագրում հայոց մեծանուն բարերարների, ազգի երախտարժան զավակների պատվավոր ցանկում։ Ակնառու և նշանակալի են լուսահոգի Լուիզ Մանուկյան Սիմոնի բարեգործությունները աշխարհասփյուռ մեր ժողովրդի կյանքում և հայրենական անդաստանում: Նա երկար տարիներ որպես Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության նախագահ և իր ողջ կյանքի ընթացքում անձնապես և «Մանուկյան Սիմոն» հիմնադրամի միջոցով արդյունավորեց ազգանվեր ու հայրենանվեր իր առաքելությունը, սրտաբուխ բարերարություններով անգնահատելի ներդրում բերեց աղետալի երկրաշարժի վերքերի ամոքմանը, նորանկախ հայրենիքի զորացմանը, Արցախի հիմնախնդիրների հաղթահարմանը, հայրենական մեր կյանքի առաջընթացին: Նրա շնորհիվ հիմնվեց ու կայացավ Հայաստանի Ամերիկյան համալսարանը, իրականացվեցին բազում մշակութային ծրագրեր, վեր հառնեցին ուսումնական հաստատություններ, որոնց հարկի ներքո կրթվում ու հասակ են առնում սերունդներ: Մեր ժողովրդի երախտարժան դստեր առանձնահատուկ ուշադրության ու հոգածության ներքո էին նաև սփյուռքի մեր համայնքներն ու ազգային, կրթական, մշակութային հաստատությունները՝ ի խնդիր հայորդյաց ազգային ինքնության պահպանության և հայեցի դաստիարակության: Առ մեր Սուրբ Եկեղեցին մշտավառ սիրով և նրա առաքելության արդյունավորման մեծ նախանձախդրությամբ հոգելույս Լուիզ Մանուկյան Սիմոնը բազմաթիվ բարեգործություններով շենացրեց հոգևոր-եկեղեցական մեր անդաստանը: Նրա բարեգործություններն ընդգրկում են եկեղեցական կյանքի բոլոր ոլորտները. հոգևորականաց նոր սերնդի պատրաստման առաքելությունը՝ Գևորգյան հոգևոր ճեմարանին և Վազգենյան հոգևոր դպրանոցին սատարումով, աջակցությունը Հայորդյաց տների, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի, բարեգործական ճաշարանների գործունեությանը, քաղաքամայր Երևանում երեք եկեղեցիների կառուցումը և բազում այլ եկեղեցանպաստ ծրագրեր պարգև եղան մեր ազգին ու Եկեղեցուն՝ նրան արժանացնելով երկնային բյուր օրհնությունների: Լուիզ Մանուկյան Սիմոնը առանձնակի ջերմ զգացումով նպաստ է բերել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի պայծառությանը, Սուրբ Էջմիածնի Մայր Տաճարի և իր սիրասուն ծնողաց՝ Ալեք և Մարի Մանուկյանների անունը կրող Գանձատան նորոգությանը, նոր շինությունների կառուցմանը, մշտապես աջակցել մայրավանքի բարեկարգությանն ու կենսագործունեությանը: Մեր հոգում անջնջելի է մնալու լուսավոր ու վեհանձն կերպարը Լուիզ Մանուկյան Սիմոնի՝ Մեզ հարազատ անձնավորության, իր անկեղծ ու բարեսիրտ բարեկամությամբ, պարզ ու անմիջական բնավորությամբ, մեծ հայրենասերի վսեմ նկարագրով։ Լուսահոգի Լուիզ Մանուկյան Սիմոնի պայծառ ու անմոռաց հիշատակը միշտ ապրելու է Հայրապետիս սրտում և մեր ժողովրդի, որ քաջ գիտե գնահատել ու մեծարել իր հերոս զավակներին, հյուսել նրանց փառքը և այդպիսի վառ օրինակներով ոգեշնչել նոր սերունդներին։ Հոգելույս Լուիզ Մանուկյան Սիմոնը շարունակում է իր ուղին դեպի անմահություն։ Հիրավի, «մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»: Վշտացյալ սրտով, հանուն Գերագույն Հոգևոր Խորհրդի և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանության, Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում ննջեցյալի եղբորը՝ ազգային մեծ բարերար Ռիչարդ Մանուկյանին, զավակներին՝ սիրելի Մարկին, Դեյվիդին և Քրիսին, սիրասուն թոռներին: Աղոթում ենք, որ Բարեգութ Տերը երկնքի արքայության լուսեղեն խորաններում հանգստության ու լույսերի մեջ ընդունի հոգին նորոգ հանգուցյալ Իր բարեպաշտ աղախնու: Հանգչիր խաղաղությամբ, սիրելի Լուիզ, և ըստ փրկչական խոստման՝ «մտիր քո Տիրոջ ուրախության մեջ» (Մատթ. 25.21)՝ վայելելու հավիտենական անանց երանություն: Խունկ, աղոթք և օրհնություն Քո վառ ու անմար բարի հիշատակին: [b]Վշտակիր սրտով և օրհնությամբ՝ ԳԱՐԵԳԻՆ Բ ԿԱԹՈՂԻԿՈՍ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ[/b]

Նմանատիպ նյութեր