Տավուշում նախատեսվում են նավթի և գազի պաշարների որոնումներ
«Արմենիա Գազ ընդ Փաուեր Ինտերփրայզիս Ինք» ընկերության դուստր ձեռնարկություն «ԱԳԱՊԵ» ընկերությունը նախատեսում է նավթի և գազի երկրաբանական ուսումնասիրություններ կատարել Տավուշի մարզի 3-րդ պայմանական տարածքում: Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի [url=http://tavush.mtad.am/news/item/2017/05/17/gaz/]կայքը[/url]:
Երեկ Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում տեղի է ունեցել նախնական գնահատման հանրային քննարկում ընկերության կողմից նախատեսվող գործունեության, մասնավորապես սեյսմահետախուզական, երկրաքիմիական, երկրաբանական քարտեզագրման աշխատանքների վերաբերյալ:
Քննարկումն անցկացրել են «ԱԳԱՊԵ» ՍՊԸ-ի ֆինանսական տնօրեն Քրիստինե Վարդանյանը, հետախուզման կոորդինատոր Մարիամ Սարգսյանը, ավագ երկրաբան Դավիթ Խոնդկարյանը: Նրանք մանրամասն ներկայացրել են երկրաբանահետախուզական աշխատանքների մեթոդաբանությունն ու ծավալները, անդրադարձել սեյսմահետախուզական աշխատանքների ընթացքում օգտագործվող սեյսմավիբրատորների տեխնիկական նկարագրությանը: