211652_close_icon
views-count2020 դիտում article-date 15:05 20-05-2017

«Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան

«Ավրորա» 2017թ. մրցանակի շնորհման արարողության և ուղեկցող միջոցառումների նախօրեին «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն հատուկ այցով ժամանել է Հայաստան: Նա կհանդիպի Հայաստանի և Արցախի պետական, մշակութային ու հոգևոր գործիչներին և կներկայացնի իր գործունեությունն ու 2016թ. «Ավրորա» մրցանակի ազդեցությունը: «Անչափ երջանիկ եմ մեկ տարի անց կրկին ժամանել Հայաստան, այս անգամ արդեն ավելի շատ պատմություններով: Ես Հայաստան եմ բերել այն բոլոր երջանիկ մանուկների ու երիտասարդների ուղերձը, որոնք «Ավրորա» մրցանակի շնորհիվ այսօր օթևան ունեն կամ որակյալ կրթություն են ստանում: Նրանք այժմ կարող են երազել ավելիին հասնելու մասին, - ասաց «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիր Մարգարիտ Բարանկիցեն, - անհամբերությամբ սպասում եմ՝ հանդիպելու Հայաստանի և Արցախի երիտասարդներին, կանանց ու բոլոր նրանց, ովքեր իրենց հյուրընկալ դռներն են բացելու իմ առաջ»: Մայիսի 20-ին Մարգարիտ Բարանկիցեն այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, որտեղ բացվել է Ավրորա Մարդիգանյանին նվիրված հատուկ ցուցասրահ: Հենց Ավրորա Մարդիգանյանն է դարձել ոգեշնչման աղբյուր «Ավրորա» մրցանակի ստեղծման համար: Թանգարանում շրջայցից հետո տիկին Բարանկիցեն գրություն թողեց պատվավոր հյուրերի հուշամատյանում և ծաղիկներ խոնարհեց անմար կրակի մոտ: «Ավրորա» մրցանակի առաջին դափնեկիրը Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի Հիշողության պուրակում եղևնի տնկեց: Մայիսի 26-ից Մարգարիտ Բարանկիցեն հարյուրավոր այլ հյուրերի հետ Երևանում և Դիլիջանում կմասնակցի «Ավրորա» մրցանակի միջոցառումներին, որոնք կամփոփվեն մայիսի 28-ին, Երևանում՝ մրցանակի շնորհման արարողությամբ: Մարգարիտ Բարանկիցեն, ով Maison Shalom խնամքի տան և REMA հիվանդանոցի հիմնադիրն է, 2016թ. ապրիլի 24-ին «Ավրորա» մրցանակի է արժանացել այն բացառիկ ազդեցության համար, որ ունեցել է Բուրունդիում քաղաքացիական պատերազմի տարիներին: Նա փրկել է 30 հազար երեխայի՝ նրանց տալով օթևան և խնամք:

Նմանատիպ նյութեր