60854 դիտում
14:29 23-05-2017
Խոշոր ավտովթար Երևան-Սևան ճանապարհին. երիտասարդ վարորդը Mercedes-ով «Արծվի թևեր»-ի մոտ բախվել է քարերին ու հայտնվել դաշտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մայիսի 23-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։50-ի սահմաններում Mercedes մակնիշի 77 AM 477 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի Արծվի արձանի հարևանությամբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երթևեկությունը կարգավորող ցուցանակին, այնուհետև բախվելով ապառաժ քարերին՝ հայտնվել դաշտամիջյան հատվածում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը, ով երիտասարդ տղա է, օպերատիվորեն դեպքի վայր ժամանած Աբովյանի հիվանդանոցի հերթապահ բժիշկների կողմից տեղափոխվեց Աբովյանի բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն ժամանել են Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով։
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Սեյրան Մարտիրոսյանի գլխավորությամբ։
Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու Աբովյանի փրկարարները, և նրան հիվանդանոց է ուղեկցել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի հրամանատար Ա. Պետրոսյանը։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 63+
63+