211652_close_icon
views-count7531 դիտում article-date 21:58 25-05-2017

Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանն այցելել է Ուիլիամ Գլադսթոնի գրադարան

Մայիսի 22-ին Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպան Արմեն Սարգսյանն այցելեց Ուելսի Հոուրդեն բնակավայր, որտեղ գտնվում է ՄԹ նախկին վարչապետ, անվանի պետական գործիչ Ուիլիամ Գլադսթոնի գրադարանը։ Այցի ընթացքում դեսպան Սարգսյանը հանդիպում ունեցավ Գլադսթոնի ժառանգ Չարլի Գլադսթոնի հետ, այցելեց Գլադսթոնի գրադարան, ինչպես նաև հյուրընկալվեց նաև գրադարանի հարևանությամբ գտնվող Սուրբ Դեինիոլ եկեղեցում։ Ծանոթանալով հայերին վերաբերող գլադստոնյան ժառանգությանը` դեսպան Սարգսյանը նշեց, որ այս հարուստ նույթերն ու վկայությունները կարող են լավ հիմք հանդիսանալ հայ-բրիտանական պատմական առնչություններն ուսումնասիրելու համար։ Գրադարանի տնօրինությունը և խորհրդի ղեկավարությունը կարևորեց Հայաստանի դեսպանի նախաձեռնած այցը և փոխշահավետ համագործակցության պատրաստակամություն հայտնեց։ Հանդիպման ավարտին դեսպան Սարգսյանը գրադարնին նվիրեց Հայաստանին, հայոց պատմությանը նվիրված մի շարք գրքեր։ [b] Տեղեկանք[/b]. 19–րդ դարի երկրորդ կեսում Միացյալ Թագավորության վարչապետի պաշտոնը չորս անգամ զբաղեցրած Ուիլիամ Գլադսթոնը /1809-1898թթ/ մի շարք առիթներով ելույթներ է ունեցել ի պաշտպանություն թուրքական բռնապետության տակ կեղեքվող հայերի, ինչի համար էլ վայելել է աշխարհասփյուռ հայերի հարգանքը։ Գլադսթոնի գրասենյակում պահվում և ցուցադրության է դրված Մոսկվայի հայ համանքի կողմից Ուիլիամ Գլադսթոնին նվիրած շնորհակալական մատյանը։ Գլադսթոնի գրադարանում, որը միակ վարչապետական գրադարանն է ողջ Միացյալ Թագավորությունում, տեղակայված է Ամենայն հայոց կաթողիկոս Մկրտիչ Խրիմյանի դիմանկարը։ Այստեղ են պահվում 1895թ. Կովկասի հայերի կողմից Գլադստոնին նվիրված հայերեն Աստվածաշնչի Նոր Կտակարանը, ինչպես նաև 1895թ. օգոստոսի 6–ին Չեսթերի քաղաքային խորհրդրում հանուն հայերի պաշտպանության Գլադստոնի ելույթը՝ տպագրված «Դեյլի Գրաֆիք» թերթում, մի շարք այլ հետաքրքրական նյութեր։ Սուրբ Դեինիոլ եկեղեցու խորանի կենտրոնում մինչ օրս տեղադրված է 1894թ. դեկտեմբերի 29-ին Գլադսթոնի 85–ամյակի կապակցությամբ Լոնդոնի և Փարիզի հայերի կողմից նվիրված խաչաձև բռնակով արծաթե գավաթը, որի վրա հայերենով փորագրված է «Ես կբարձրացնեմ փրկության բաժակը և կկոչեմ այն Աստծու անունով» մակագրությունը։ Եկեղեցում առկա է նաև Գլադստոնի հետ հայերի բարեկամության ևս մեկ խորհրդանիշ՝ եկեղեցու ապակենկարներից (վիտրաժ) մեկը, որտեղ պատկերված են Գրիգոր Լուսավորիչն ու Բարդուղիմեոս առաքյալը, 1897թ. նվիրաբերվել է մի հայի կողմից «ի փառս Աստծու և ի հիշատակ Թուրքիայում գտնվող հայերի, ովքեր տառապել են հանուն հավատքի և ի նշանավորումն հավերժ երախտիքի առ Ուիլիամ Էուարթ Գլադսթոնի` ներշնչող օրինակի»։

Նմանատիպ նյութեր