211652_close_icon
views-count4257 դիտում article-date 18:18 31-05-2017

Ադրբեջանը վտանգում է, ոչ միայն տարածաշրջանի, այլև աշխարհի անվտանգությունը․ Կորյուն Նահապետյան

«Ադրբեջանական կողմի խնդիրը հերյուրանքներ տարածելն է, պատասխան կլինի՝ հետ կկանգնեն, չի լինի՝ կգնան առաջ»,- այս մասին այսօր հրավիրված ասուլիսի ժամանակ ասաց ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Կորյուն Նահապետյանը: Վեհաժողովում ադրբեջանական պատվիրակությունը բարձրացրել է հայկական կողմի՝ «Իսկանդեր» համակարգերի ձեռքբերման հարցը։ ««Իսկանդեր» համակարգերի ձեռքբերման հետ կապված հարցով բավական անհանգստացած են ադրբեջանական պատվիրակները, և դա նկատելի էր»,- ասաց Նահապետյանը և նշեց, որ հայկական կողմը պարզաբանել է, թե ինչպիսին է հայկական կողմի պաշտպանական քաղաքականությունը, առաջնահերթությունը և հստակ նշվել է, որ նպատակ ունի վերականգնել ուժերի հավասարակշռությունը Հարավային Կովկասում: «Նաև բարձրաձայնեցինք, որ հարձակողական զենք ձեռք բերելու համար Ադրբեջանը միլիարդավոր դոլարներ ծախսում։ Ադրբեջանը սպառազինություն ներկրող ամենախոշոր երկրներից է, որը վտանգում է, ոչ միայն տարածաշրջանի, այլ նաև աշխարհի անվտանգությունը»,- ասաց նա: ՆԱՏՕ-ի վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Էդմոն Մարուքյանն անդրադարձավ մեկ այլ հարցի։ Երբ ադրբեջանական պատվիրակությունը բնապահպանական թեմայով զեկույցի քննարկման ժամանակ հայտարարել է, թե ԼՂՀ «օկուպացված» տարածքներում բնապահպանական աղետ է, Ջեբրաիլի անտառներն այրվում են, հարցին միջամտել է Մարուքյանը և նշել, որ Ադրբեջանի պատվիրակի հայտարարությունները իրականությանը չեն համապատասխանում, չկան ո՛չ օկուպացված, ո՛չ այրվող անտառներ, և ադրբեջանցիները հայտարարում են՝ հայտարարելու համար: Հիշեցնենք, որ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովն անցկացվել է մայիսի 26-29-ին Թբիլիսում, որին մասնակցել է նաև Հայաստանի խորհրդարանական պատվիրակությունը Կորյուն Նահապետյանի գլխավորությամբ։

Նմանատիպ նյութեր