211652_close_icon
views-count7073 դիտում article-date 10:55 02-06-2017

Այս իշխանությունների ինադու օրը 4 տուփ եմ ծխելու. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդոը գրում է. «Ամեն տարի մայիսի 31-ին նշվում է Ծխելու դեմ պայքարի օրը: Ամեն տարի այդ օրը կազմակերպվում են ասուլիսներ, խոսվում է ծխելու վնասների, հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին և այլն: Ինձ չի թվում, որ այս տարի ինչ-որ արտառոց կամ վիճելի բան ասվեց: (Ուրիշ հարց, որ կրկնվող ձևակերպումները գործերի չեն վերածվում): Պարզապես այս սեզոնին ֆեյսբուքահայությունն այնքան պարապ էր մնացել, որ սկսեց քննարկել այս ստանդարտ խոսքերը՝ առաջ քաշելով տարաշխարհիկ վարկածներ: Մասնավորապես, Հայաստանում պայքարում են ծխելու դեմ, որովհետև «օրթաղ» գործ են բռնել «Ֆիլիպ Մորիսի» հետ, որն ուզում է մեր ժողովրդի վրա էլեկտրոնային սիգարետներ ծախել: Բայց ոչ մի մասնագետ և ոչ մի պաշտոնյա թե՛ Հայաստանում և թե՛ որևէ այլ երկրում չի ասել ու չի ասելու, որ էլեկտրոնային ծխախոտը վնասակար չէ` ի տարբերություն սովորականի: Ծխելու դեմ պայքարողները պայքարում են բոլոր տեսակի սիգարետ ծխելու դեմ: Դավադրության տեսություններն ընդհանրապես հատուկ են մեր ազգին, բայց՝ հատկապես ֆեյսբուքում: Օրինակ՝ մարդիկ համոզված են, որ փակ տարածքում, հասարակական վայրում ծխելն արգելելու դեպքում ինչ-որ օլիգարխ շահելու է: Բայց իրականում սրճարանների, ռեստորանների սեփականատերերը տուժելու են: Եվ հենց այդ պատճառով էլ կարծում եմ, որ այդ արգելքը չի գործելու, իսկ եթե ես բողոքեմ, որ իմ կողքի սեղանին ծխում են, ապա թե այդ ծխողը և թե «օբյեկտի տերը» ինձ խիստ կհանդիմանեն՝ «դու հո գործ տվող չե՞ս»: Ահա թե ինչու եմ ես կարծում, որ խոսքերից այն կողմ գործը չի գնա: Ծխախոտի գինը բարձրացնելը նույնպես ստանդարտ քայլ է, որն արվել է բոլոր զարգացած և զարգացող երկրներում: Դրանից նույնպես արտադրողները չեն շահելու, որովհետև՝ ա/ բարձրացվում է ակցիզային հարկը, ոչ թե նրանց եկամուտը, բ/ թանկ ապրանքը վաճառելն ավելի դժվար է: Եթե մեզ շրջապատող երկրներում ծխախոտն ավելի էժան լիներ, քան Հայաստանում, ապա մեր ծխողները կփնտրեին նման ծխախոտ, բայց հարևանների մոտ ծխախոտն արդեն «հասցրել» են 2-3 անգամ թանկացնել: Եվ դարձյալ ես կասկածում եմ, որ դա կանեն Հայաստանում` հաշվի առնելով հենց մեր արտադրողների լոբբինգը: Իհարկե, ծխելը կամ չծխելը ուղղակիորեն կապված չէ մարդու, անհատի հաջողակ կամ ոչ հաջողակ լինելու հետ: Բայց, կարծում եմ, ոչ ոք չի վիճի, որ առողջ ապրելակերպը հատուկ է զարգացած, քաղաքակիրթ, առաջադեմ հասարակություններին, որտեղ քարոզվում է իմաստալից, բովանդակալից, նպատակասլաց կյանքը: Դա էր, որ, հավանաբար, նկատի ուներ առողջապահության նախարարը: Բայց ամենահետաքրքիր արձագանքը հետևյալն էր. «Ծխելու եմ: Այս իշխանությունների ինադու օրը 4 տուփ եմ ծխելու»: Շատ տրամաբանական է»: [b]Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր