3388 դիտում
10:53 15-02-2020
Ծխելու դեմ պայքարը մանր խնդիր չէ․ «Առավոտ»
«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է․ «Հինգշաբթի օրը Ազգային ժողովն ընդունեց «Ծխախոտային արտադրատեսակների և դրանց փոխարինիչների օգտագործման հետևանքով առողջությանը հասցվող վնասի նվազեցման և կանխարգելման մասին» օրինագիծը: Երբ այն ստորագրվի նախագահի կողմից՝ տարբեր ժամանակահատվածներում ուժի մեջ կմտնեն տարբեր տեսակի արգելքներ և, մասնավորապես, 2022 թվականի մարտի 15-ից hանրային սննդի բոլոր օբյեկտներում՝ բաց, կիսաբաց և փակ, արգելվելու է ծխելը:
Երկու տարի ժամկետն, ըստ երևույթին, տրված է նրա համար, որ սննդի օբյեկտների սեփականատերերը պատշաճ ձևով պատրաստվեն նոր իրավիճակին: Հուսով եմ, նշված օրը նրանք ցույց չեն անի կառավարության դիմաց՝ պահանջելով հետաձգել օրենքի կիրառումը: Հույս ունեմ նաև, որ իշխանափոխություն չի լինի, և նոր իշխանությունը չի ասի, որ բոլոր օրենքները, որոնք ընդունվել են իրենցից առաջ, սխալ էին:
Օրենքն իսկապես կարևոր է՝ դրա անհրաժեշտության մասին խոսվում է տարիներ շարունակ, և ես շատ լավ հիշում եմ, թե ինչպես էին մոտ երեք տարի առաջ ֆեյսբուքահայերը հարձակվում այն ժամանակվա առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի վրա՝ մոտավորապես հետևյալ տրամաբանությամբ՝ «հերիք չի, երկիրը թալանում եք, մի բան էլ՝ չեք թողնում դարդից ծխենք»: Հիմա, բարեբախտաբար, ծխողներն այդ «արդարացումը» չունեն, և նրանք ստիպված կլինեն ապրել քաղաքակիրթ աշխարհի կանոններով:
Իհարկե, կարող է լինել նաև այսպիսի մեկնաբանություն. «Ազգի կենսական խնդիրները թողած՝ ընկել եք ծխողների հետևից»: Այս փաստարկի հետ նույնպես համաձայն չեմ: Ինչպես անհատի, այնպես էլ ազգի դեպքում կարգապահ, հավաքված, նպատակասլաց լինելու գործում մանրուքներ չկան: Եթե մարդը փորձում է իր չլուծված խնդիրներից առաջացած ցավը «բթացնել» թմրանյութով, ալկոհոլով, ծխախոտով կամ անգամ շատակերությամբ, եթե նա զլանում է աշխատել իր մասնագիտական և անձնական առաջխաղացման վրա և փոխարենն ամբողջ օրը սոցցանցերում հիմարություններ է կարդում և գրում, «լայքեր» դնում և «լայքերի» սպասում, կամ յութուբյան «զվարճալի» պատառիկներ դիտում, դա ծուլության և թուլության նշան է ու ձևավորում է անընդունելի սովորույթներ և մերժելի մշակույթ:
Խնդիրը նաև մարդկային ճիշտ փոխհարաբերություններ կառուցելն է: Եթե ծխողը հասարակական վայրում իրեն զսպում է և մարդկանց չի թունավորում, ուրեմն՝ նա հարգում է դիմացինին, նրան, ժողովրդի լեզվով ասած, «մարդատեղ է դնում»: Եվ հակառակը՝ ծխելով նա արհամարհում է համակեցության կանոնները: Իսկ դա նույնպես մանրուք չէ»:
[b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
2322 դիտում
15:11 13-02-2014
Ինչ արդյունք է տալիս ծխելու դեմ պայքարը. տեսանյութ. a1plus.am
4130 դիտում
23:20 07-03-2018
ԵՊՀ-ում խստացվում է ծխելու դեմ պայքարը
Այս բաժնից
883 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3238 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2251 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը