211652_close_icon
views-count4355 դիտում article-date 14:47 03-06-2017

Գյուղատնտեսության փոխնախարար Աշոտ Հարությունյանն այցելել է Սյունիքի մարզի կարկտահարված համայնքներ

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Աշոտ Հարությունյանը նախօրեին այցելել է Սյունիքի մարզ` դիտարկելու տեղացած ուժեղ կարկուտի պատճառած վնասի չափերը: Փոխնախարարը Սյունիքի մարզպետարանի գյուղատնտեսության ու բնապահպանության վարչության պետ Գագիկ Խաչատրյանի ուղեկցությամբ եղել է Գորիս, Տեղ, Խնձորեսկ, Արավուս, Կոռնիձոր, Ներքին Խնձորեսկ, Վաղատնի, Որոտան և Նորավան համայնքներում, զրուցել համայնքների ղեկավարների, գյուղացիների հետ: Ըստ նախնական ուսումնասիրությունների` մարզում առավելապես տուժել են խոշորացված Գորիս, Տեղ, Ներքին Խնձորեսկ, Վերիշեն, Վերին Խոտանա, Կոռնիձոր, Սվարանց, Վաղատնի, Որոտան, Արավուս, Նորավան համայնքները` մոտ 60 տոկոսով, իսկ առանձին հողակտորներ` 80-100 տոկոսով։ «Աշխատանքային խումբն առավել մանրակրկիտ կներկայացնի վնասի չափերը, հանձնաժողովը կամփոփի տվյալներն ու կներկայացնի կառավարություն։ Չնայած որոշ համայնքներում, օրինակ Կոռնիձոր և Տեղ համայնքների որոշ դաշտերում կարկտահարության վնասը 80-90 տոկոս է կազմում, բայց հարակից տարածքներում այդուհանդերձ լավ բերք է սպասվում: Հուսանք, որ բնությունը նման տհաճ անակնկալներ էլ չի պատճառի»,- իր խոսքում նշել է փոխնախարար Աշոտ Հարությունյանը: Մասնագետները գյուղացիներին խորհրդատվություն են տրամադրել կարկտահարության վնասների վերականգնմանն ուղղված միջոցառումներ իրականացնելու վերաբերյալ, իսկ 100 տոկոսով վնասված մշակաբույսերը, որոնք հնարավոր չէ վերականգնել, խորհուրդ են տվել օգտագործել որպես կանաչ պարարտանյութ և անցկացնել հողի տակ։ Փոխնախարարի հետ զրույցում սյունեցիները գոհունակություն են հայտնել պարարտանյութերի բաշխման գործընթացից: Գորիս համայնքի բնակիչ Էդիկ Բունիաթյանի խոսքով` իրենք առավել քան գոհ են այս տարի ներկրված ազոտական պարարտանյութից. այն որակով էր ու ժամանակին հասցվեց։ «Նախորդ տարիների համեմատ այս տարի պարարտանյութերի բաշխման գործընթացը շատ լավ էր կազմակերպված, ըստ պահանջի ստացել ենք, բարձր որակի էին թե վրացական, և թե պարսկական պարարտանյութերը»,- նշել է համայնքի ղեկավար Սերյոժա Հայրապետյանը։

Նմանատիպ նյութեր