211652_close_icon
views-count6152 դիտում article-date 22:53 05-06-2017

ՀՀ ագրարային համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի ուսանողները սկսել են ուսումնական պրակտիկան՝ ՍԱՊԾ հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիայում

ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության և ՀՀ ագրարային համալսարանի միջև ստորագրված համագործակցության հուշագրի շրջանակներում՝ համալսարանի անասնաբուժության ֆակուլտետի ուսանողները հունիսի 5-ից սկսել են ուսումնական պրակտիկան ՍԱՊԾ հատուկ վտանգավոր ախտածինների ռեֆերենս լաբորատորիայում: Առաջիկա մեկ ամսվա ընթացքում Ագրարային համալսարանի ուսանողների 15 հոգանոց խումբը նորագույն սարքավորումներով զինված լաբորատորիայում կստանա մասնագիտական գործնական գիտելիքներ: Լաբորատորիայի տնօրեն Պերճ Թումանյանը ուսանողներին ներկայացրել է համաճարակային իրավիճակների կառավարման և վարակիչ հիվանդությունների կանխարգելման նոր հնարավորությունները և կարևորությունը՝ մարդկանց կամ կենդանիների համար վտանգավոր հիվանդությունների բռնկումների ռիսկը նվազեցնելու առումով։ Նա ուսանողներին հորդորել է լրջորեն ջանքեր ներդնել ընտրած մասնագիտությանը տիրապետելու ուղղությամբ և հիշեցրել, որ իրենց աշխատանքը խիստ պատասխանատու է կենդանիներից շատ հաճախ մարդկանց փոխանցվող հիվանդությունների կանխարգելման հարցում: Որպես սկիզբ՝ ուսանողները շրջայց են կատարել լաբորատորիայի՝ միաջազգային ամենաբարձր ստանդարտներին համապատասխանող լաբորատոր սարքավորումներով հագեցած նմուշառման, շիճուկաբանական, վիրուսաբանական, մանրէաբանական, մակաբուծաբանական, հատուկ վտանգավոր ախտածինների հետազոտությունների բաժիններում, ընդհանուր տեղեկություններ ստացել դրանց գործունեության մասին: Ապագա անասնաբույժների համար կազմակերպվող դասընթաց-պրակտիկաները զգալիորեն կնպաստեն նրանց գիտելիքների ամրապնդմանը կենդանիների հիվանդությունների հայտնաբերման, ախտորոշման, նույնականացման և կանխարգելման բնագավառում։ Ծառայության և համալսարանի համագործակցության այսպիսի սկիզբը նաև ոլորտի մասնագետների որակյալ սերնդափոխությանը ուղղված գործնական և հեռանկարային քայլ է:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր