211652_close_icon
views-count7542 դիտում article-date 20:28 07-06-2017

Թումանյանի կյանքն ու գործն ամբողջությամբ ներառող հանրագիտարան է հրատարակվելու

Հովհաննես Թումանյանի 150 ամյակի առթիվ «Հայկական Հանրագիտարան» հրատարակչության կողմից կհրատարակվի մեծ գրողին նվիրված հանրագիտարան, որում ներառված կլինի նրա ստեղծագործական, գիտական, հասարակական-քաղաքական գործունեությունը: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեղեկացրեց «Հայկական հանրագիտարան» հրատարակչության գլխավոր խմբագիր, տնօրեն Հովհաննես Այվազյանը: Հովհաննես Թումանյանի հանրագիտարանը նախատեսվում է հրատարակել 2019թ.՝ բանաստեղծի ծննդյան 150 ամյակին: «Կարծում եմ՝ քիչ է այս ժամանակահատվածը հիմնարար հանրագիտարան պատրաստելու համար, բայց մտածում ենք, որ, այնուամենայնիվ, կտեղավորվենք և բանաստեղծի 150 ամյակին մի լուրջ հանրագիտարան կստեղծենք: Ուզում եմ ասել նաև, որ պետական մակարդակով արդեն սկսվել են տարատեսակ միջոցառումների նախագծումներ այդ հրաշալի հոբելյանը բարձր մակարդակով, մեծ շուքով նշելու համար»,- ասաց Այվազյանը: Գլխավոր խմբագիրը նկատեց, որ սա իր տեսակի մեջ առաջին հանրագիտարանն է, որը ներառում է հայ գրողի կյանքը, հասարակական գործունեությունն ու ստեղծագործությունները: «Շատ ծանր, պատասխանատու աշխատանք անելու համար մեզ պետք էր համախմբել բոլորին, որոնք զբաղվել և զբաղվում են Հովհաննես Թումանյանով, նրա ստեղծագործություններով, նրա հասարակական, ազգային ոլորտների գործունեության ուսումնասիրությամբ: Այսօր եղած ուժերով մենք պետք է փորձենք առավելագույնն անել հանրագիտարանը պատրաստելու համար»,- նշեց Հովհաննես Այվազյանը: Բանասիրության դոկտոր, գրականագետ Ազատ Եղիազարյանը նույնպես անդրադարձավ Թումանյանի հանրագիտարանի հրատարակման նախաձեռնությանը, ընդգծելով բանաստեղծի մեծությունը: «Ինչու է Թումանյանը մեզ համար այդքան թանկ: Նրա ստեղծագործությունն այնքան խորն է, որ դա այդքան հեշտ չէ հասկանալ: Այս հանրագիտարանի մեջ մենք պետք է փորձենք գաղափար տալ նաև ստեղծագործության մասին: Այո, բոլոր ծանոթների, ընտանիքի, հասարակական գործունեության մասին պետք է գրված լինեն հանրագիտարանում, բայց միևնույն ժամանակ փորձելու ենք բացատրել՝ ինչու է Թումանյանը մեծ»,- նշեց գրականագետ Ազատ Եղիազարյանը:

Նմանատիպ նյութեր