211652_close_icon
views-count2589 դիտում article-date 10:55 20-06-2017

Եթե մասնակցում ես ընտրություններին, վերցնում ես մանդատները, նախագծեր ես քննարկում, ուրեմն համագործակցում ես. «Աառավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Քաղաքականության մեջ որոշակի նպատակի համար կարելի է միավորվել նույնիսկ սատանայի հետ: Միայն թե պետք է վստահ լինես, որ դո՛ւ ես խաբելու սատանային, ոչ թե սատանան` քեզ»: Այս միտքը պատկանում է 19-րդ դարի գերմանացի նշանավոր փիլիսոփա և տնտեսագետ Կարլ Մարքսին, որին որոշ ժամանակով բոլշևիկները «սեփականաշնորհել» էին: Բայց Մարքսի ձևակերպած ճշմարտությունն ունիվերսալ է և կիրառվել է ոչ միայն բոլշևիկների, այլ նաև հակաբոլշևիկների կողմից. օրինակ՝ երկուսն էլ իրենց նպատակների համար ժամանակին միավորվել էին Հիտլերի հետ, իսկ այնուհետև՝ իրար հետ: Փոքր Հայաստանի ներքին քաղաքականությունը, բնականաբար, այդ մասշտաբները չունի: Այստեղ քաղաքական ուժերն առանձնապես խոշոր բաներ չունեն իրար մեջ կիսելու, բայց սկզբունքը նույնն է՝ չհամագործակցել հնարավոր չէ: Զբաղվել քաղաքականությամբ և չհամագործակցել, նշանակում է՝ կրակել ավտոմատից: Եթե դա մերժվում է, ապա մնացածը համագործակցություն է: Եթե դու մասնակցում ես ընտրություններին՝ թեկուզ խստորեն քննադատելով իշխանություններին, ուրեմն դու համագործակցում ես: Եթե վերցրել ես Ազգային ժողովի և Երևանի ավագանու մանդատները, ապա դա էլ է համագործակցություն: Եթե նախագծեր ես քննարկում` համագործակցում ես: Եթե քվեարկում ես, այդ թվում նաև՝ դեմ, ապա դարձյալ համագործակցում ես: Համագործակցել նշանակում է խաղալ որոշակի կանոններով, նույնիսկ այն պարագայում, երբ այդ կանոնները քեզ դուր չեն գալիս: Իշխանությունն ու ընդդիմությունը համագործակցել են՝ ստեղծելով այնպիսի Ընտրական օրենսգիրք, որը գործնականում բացառում է տեղամասերում կեղծիքները: «Ելքը», ՕԵԿ-ը և ԲՀԿ-ն համագործակցել են Վանաձորում՝ տապալելով ձայների փոքրամասնությունը ստացած ՀՀԿ-ի գումարած ավագանու նիստերը: Ո՞վ կարող է ասել, թե դա սխալ է և անընդունելի: Հիմա «Երկիր ծիրանի» կուսակցությունն ունի 5 մանդատ Երևանի ավագանիում: Փառք ու պատիվ՝ ճիշտ է արել, որ մասնակցել է ընտրություններին, ճիշտ է արել, որ վերցրել է մանդատները: Բայց եթե այդ կուսակցությունն իսկապես ուզում է մայրաքաղաքում ինչ-որ բան փոխել, ապա պարտադիր պետք է համագործակցի «Ելքի» և ՀՀԿ-ի հետ: Հակառակ դեպքում կլինեն միայն սկանդալներ և գոռգոռոցներ՝ զրոյական արդյունքով: Նրանք, ովքեր կողմ են համագործակցությանը, դավաճաններ չեն՝ այն դեպքում, եթե պայմանավորվածությունները հրապարակային և սկզբունքային են: Ճիշտն ասած, վստահ չեմ, որ ամեն քայլափոխի սկանդալներ սարքելը բխում է երևանցիների շահերից, իսկ որոշ օրինագծերի շուրջ համագործակցելը՝ չի բխում»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր