14265 դիտում
10:03 21-06-2017
ՌԴ-ում աշխատող հայ վարորդներն անելանելի վիճակում են. արտոնյալ են միայն բելառուսները. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «ՌԴ «Ճանապարհային երթևեկության անվտանգության» մասին օրենքում և «Վարչական պատասխանատվության» օրենսգրքում կատարված փոփոխությունները խնդիրներ են առաջացրել Ռուսաստանի Դաշնություն արտագնա աշխատանքի մեկնած ՀՀ քաղաքացիների համար:
ՌԴ-ում որպես վարորդ աշխատող Արմեն Մելիքսեթյանը armtimes.com-ի հետ զրույցում ասաց, որ օրենքը ուժի մեջ է մտել 2017 թվականի հունիսի 1-ին, որի հետևանքով ՀՀ վարորդական իրավունքի վկայական ունենալը բավարար չէ ՌԴ-ում տնտեսական գործունեություն ծավալելու համար: Մեր զրուցակիցն ասաց, որ օրինակ, տաքսի վարելու համար պետք է քաղաքացին անպայման ունենա ռուսական վարորդական իրավունքի վկայական, հակառակ դեպքում տաքսի ծառայությունը մատուցող ընկերությանը տուգանում են 50 հազար ռուբլու չափով: Սակայն նույն քաղաքացին առանց ռուսական վարորդական իրավունքի վկայականի (իր երկրի վարորդական իրավունքի վկայականով) իր ընտանիքի անդամներին կարող է անձնական մեքենայով անարգել տեղափոխել:
«Չնայած ներքին հրահանգ կա, որ ռեյդեր չիրականացվեն, համատարած չանեն դա, բայցևայնպես մարդկանց ևս տուգանում են»,- ասաց Արմեն Մելիքսեթյանը՝ նշելով, որ օրենքում փոփոխությունները նախատեսված են եղել դեռևս 2013 թվականին ազգությամբ հայ Հրաչյա Հարությունյանի մասնակցությամբ ողբերգական վթարից հետո: 2013 թվականից հետո ամեն տարի մեկ տարով հետաձգվել է օրենքը ուժի մեջ մտնելու դրույթը, սակայն այս տարի մտել է ուժի մեջ:
Հայ վարորդը նկատում է, որ Բելառուսի քաղաքացիների դեպքում օրենքը վերանայվել է, քանի որ Բելառուսի կառավարության անդամները դիմել են ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, որն էլ Բելառուսի քաղաքացիների մասով օրենքի գործածությունը կասեցրել է:
«Ո՛չ Տիգրան Սարգսյանը, ո՛չ ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը, ո՛չ Արա Աբրահամյանը՝ իր Համաշխարհային հայկական կոնգրեսով ոչ մի բան չեն ձեռնարկում»,- հուսահատ ասաց մեր զրուցակիցը՝ նշելով, որ կարծում են, որ միայն դիվանագիտական մակարդակով հնարավոր կլինի խնդիրը լուծել:
Արմեն Մելիքսեթյանի խոսքով՝ ՌԴ-ում տաքսի վարելու համար հարկավոր է առնվազն երկու տարվա վարորդական փորձ: Բայց, եթե մարդիկ գնան ավտոդպրոց, քննություն հանձնեն ռուսական վարորդական իրավունքի վկայական ստանալու համար, ապա իրենց ստաժը հաշվարկվելու է վարորդական իրավունքի վկայական ստանալու օրվանից սկսած: Դա նշանակում է, որ մարդիկ երկու տարի չեն կարողանալու տաքսի վարել, ասել է թե`օրվա հացի խնդիր լուծել:
Մինչ 2017 թվականի հունիսի 1-ը ՀՀ քաղաքացիներն իրենց ներպետական վարորդական իրավունքի վկայականով անարգել տնտեսական գործունեություն են ծավալել ՌԴ-ում: 1968 թվականի նոյեմբերի 8-ին Վիեննա քաղաքում ստորագրված «Ճանապարհային երթևեկության մասին» կոնվենցիայով և դրա հետագա փոփոխություններով ու լրացումներով վարորդական վկայականներին ներկայացվող պահանջներին համապատասխանող Հայաստանի Հանրապետության ազգային և միջազգային վարորդական վկայականները վավեր են կոնվենցիայի անդամ (այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներում, մասնավորապես՝ ՌԴ-ում) բոլոր երկրներում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1305 դիտում
23:38 04-06-2014
Ամենաշատ ալկոհոլ օգտագործում են բելառուսները. հետազոտություն
1657 դիտում
10:42 26-04-2014
«Տոնուս»-ից խաբված բնակարանատերերը անելանելի վիճակում են. Ժողովուրդ
Այս բաժնից
925 դիտում
09:00 22-10-2024
Ֆուտբոլում ևս, փաստորեն, բոլորը մեղավոր են, բացի ՀՖՖ ղեկավարությունից. «Փաստ»
1060 դիտում
08:31 22-10-2024
«Թավշյա հեղափոխության» իրական կողմը. Արփի Դավոյանին պարտքի համար դատի էին տվել. «Ժողովուրդ»
745 դիտում
08:10 22-10-2024
5 միլիոն բնակչություն չենք ունենա. Փաշինյանը խաբել է. «Ժողովուրդ»