12786 դիտում
22:23 27-06-2017
«Արցախի ժողովուրդն ունի ոչ պակաս իրավունք տնօրինելու սեփական ճակատագիրը, քան Շոտլանդիայի ժողովուրդը». Արմեն Աշոտյան
ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 27-ին ընդունել է Հայաստանում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Ջուդիթ Ֆարնուորթին:
Ողջունելով հյուրին Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը հույս է հայտնել, որ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում դեսպանի հետ իր առաջին հանդիպումը դրական խթան կհանդիսանա խորհրդարանական դիվանագիտության զարգացման գործում:
Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել երկու երկրների միջեւ խորհրդարանական համագործակցության արդյունավետության բարձրացման համար առկա հնարավորությունները եւ հույս հայտնել, որ այն առաջիկայում կլինի առավել սերտ եւ նպատակային: Այս համատեքստում կարեւորվել է նաեւ երկու երկրների խորհրդարանների միջեւ միջխորհրդարանական հարթակներում կառուցողական համագործակցությունը:
Իր հերթին դեսպան Ֆարնուորթը շնորհավորել է Արմեն Աշոտյանին հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ խորհրդարանական դիվանագիտության շրջանակում առավել արդյունավետ համագործակցության պատրաստակամություն հայտնել:
Անդրադառնալով խորհրդարանական դիվանագիտության արդյունավետությանը՝ կողմերը կարեւորել են միջխորհրդարանական բարեկամության խմբերի փոխգործակցության ակտիվացումը: Ընդգծվել են նաեւ Մեծ Բրիտանիայի դեսպանության հետ համագործակցության հնարավորությունները՝ ուղղված խորհրդարանի կարողությունների կատարելագործմանը:
Հանդիպման ընթացքում կողմերը նաեւ անդրադարձել են եվրոպական առավել ընդարձակ ընտանիքի շրջանակում երկկողմ համագործակցության հնարավորություններին: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն անդրադարձել է Բրեքսիթի գործընթացին եւ նշել, որ ցանկացած պարագայում Հայաստանը Մեծ Բրիտանիան դիտարկում է որպես եվրոպական արժեհամակարգի կրող երկիր եւ պատրաստ է հետագա երկկողմ ակտիվ համագործակցության: Այս համատեքստում անդրադարձ է կատարվել նաեւ Արեւելյան գործընկերության շրջանակում համագործակցությանը: Կարեւորվել է Բրյուսելի գագաթաժողովում Համապարփակ եւ ընդլայնված նոր համաձայնագրի ստորագրումը:
Կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային համագործակցության հիմնախնդիրներին: Կարեւորվել է տարածաշրջանային կայունության եւ անվտանգության ապահովումը, առկա հակամարտությունների խաղաղ կարգավորումը:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը՝ Արմեն Աշոտյանը նշել է, որ Արցախի ժողովուրդն ունի ոչ պակաս իրավունք տնօրինելու սեփական ճակատագիրը, քան Շոտլանդիայի ժողովուրդը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանը բարձր է գնահատել Մեծ Բրիտանիայի կառավարության վերաբերմունքը կապված Շոտլանդիայի հանրաքվեի հետ եւ հույս հայտնել, որ ինքնորոշման իրավունքի լայն կիրառելիության միտումը վաղ թե ուշ ընկալելի կդառնա նաեւ Ադրբեջանի համար:
Հանդիպման ավարտին կողմերն անդրադարձել են նաեւ հետագա համագործակցությանը եւ անելիքներին:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
928 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
949 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»