76898 դիտում
22:30 28-06-2017
Երևանում 31-ամյա վարորդը, «Mercedes»-ով հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել հետիոտնին. վերջինս հիվանդանոցում մահացել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր, հունիսի 28-ին, մահվան ելքով վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:40-ի սահմաններում, Փարաքար գյուղի բնակիչ, 31-ամյա Արմինե Գևորգյանը՝ իր վարած «Mersedes» մակնիշի 13 AG 003 համարանիշի ավտոմեքենայով Երևան-Էջմիածին ավտոճանապարհին՝ Երևանյան փողոցում, հետընթաց կատարելիս, վրաերթի է ենթարկել հետիոտնին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, վրաերթի ենթարկվածին, ով միջին տարիքի տղամարդ է, տեղափոխել է Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն, որտեղ, սակայն, վրաերթի ենթարկվածը՝ գիտակցության չգալով, մահացել է:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 2-րդ դասակի ծառայողները՝ տեսուչ Նվեր Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Գյուլումյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի գլխավորությամբ:
Տեղում քննչական աշխատանքները ղեկավարում է հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արթուր Գասոյանը, ում կողմից փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քր. օր.-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ավտոմեքենան դեպքի վայրից հեռացրել էին:
Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 38+
38+