211652_close_icon
views-count11486 դիտում article-date 10:44 30-06-2017

«Թավշյա հեղափոխության» գինը. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Քանի որ վերջերս խոսք գնաց «թավշյա հեղափոխության» մասին, հիշեցնեմ, թե որն էր այդ բառակապակցության սկզբնական իմաստը: Խոսքը 1989 թվականին Չեխոսլովակիայում տեղի ունեցած իրադարձությունների մասին էր, երբ խաղաղ (կրկնեմ՝ խաղաղ) ապստամբության արդյունքում իրականացվեց սոցիալիստական համակարգի ապամոնտաժումը: Նոյեմբերի 17-ին սկսված ուսանողների, այնուհետև բանվորների ցույցերի և գործադուլների ճնշման տակ Չեխոսլովակիայի կոմունիստական նախագահ Գուստավ Հուսակը ստիպված եղավ դեկտեմբերի 10-ին ձևավորել ոչ կոմունիստական կառավարություն, իսկ դեկտեմբերի 29-ին խորհրդարանը նախագահ ընտրեց Վացլավ Հավելին (լուսանկարում): Պատմական պահը նպաստում էր նման սրընթաց զարգացումներին՝ Խորհրդային Միությունը փլուզման եզրին էր, Բեռլինյան պատն արդեն տապալվել էր: Այդ՝ սկզբնական իմաստով «թավշյա հեղափոխությունը» մի քիչ նման է 1988-90 թվականների Ղարաբաղյան շարժմանը: Պարզապես պետք է հիշել, որ Շարժումը հաղթեց 1990 թվականի մայիս-հունիսին կայացած ՀԽՍՀ Գերագույն խորհրդի հերթական ընտրություններում: Դրանից հետո Հայաստանում, ի տարբերություն Չեխոսլովակիայի և Արևելյան Եվրոպայի, ստալինիզմից, «կագեբեից» ու ընդհանրապես կոմունիստական անցյալից հրաժարվելու վճռական քայլեր չարվեցին, իսկ պատերազմը և Ռուսաստանից կախվածությունը (երկու փոխկապակցված գործոն) մեզ տարան բոլորովին այլ ճանապարհով: (Դե, իհարկե, շատերը կավելացնեն դրան նաև սուբյեկտիվ գործոնները՝ ՀՀՇ-ականները վատ մարդիկ էին և այլն, բայց նման խոսակցությունները թողնենք ֆեյսբուքյան քննարկումներին): Հնարավո՞ր է Հայաստանում «թավշյա հեղափոխության» նման մի բան: Ես կարծում եմ՝ տեսականորեն հնարավոր է: Բայց դրա համար հարկավոր է նախ վճռականորեն սահմանազատվել «ոչ թավշյա» հեղափոխականներից՝ նրանցից ովքեր ցանկանում են հեղափոխություն անել զենքով, արյուն թափելով, օրենքն արհամարհելով: Բայց դա, իհարկե, քիչ է. կա ավելի սկզբունքային հարց, որն ինձ այս պահին անլուծելի է թվում: Իրականացնել «թավշյա հեղափոխություն» մեր և մեր «բախտակիցների» պարագայում այսօր նշանակում է դուրս գալ «հետխորհրդային» վիճակից (դրա բոլոր հոռի դրսևորումներով՝ չթվարկեմ) և դառնալ Արևելյան Եվրոպայի մաս: Ինչու Վրաստանում և Ուկրաինայում տեղի ունեցավ «թավշյա» հեղափոխություն (դեռևս ոչ ակնհայտ հետևանքներով): Որովհետև այդ երկրներում հասարակությունների մեծ մասը համաձայն էր դրա համար բարձր, շատ բարձր գին վճարել՝ փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ և որպես դրա հետևանք, տարածքներ կորցնել: Մենք պատրա՞ստ ենք նման գին վճարել: Անկեղծ ասեմ՝ ես ոչ: Դեռևս ոչ ոք ինձ չի համոզել, որ հնարավոր է այս աստիճանի կախված լինել Ռուսաստանից և չլինել «հետխորհրդային» երկիր, ինչպես նաև անել «թավշյա» հեղափոխություն և տարածքներ չկորցել»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր