211652_close_icon
views-count11379 դիտում article-date 20:09 30-06-2017

Մոսկվայում կայացել են ՀՀ և ՌԴ ֆինանսների նախարարությունների միջգերատեսչական հանդիպումներ

Հունիսի 30-ին ՀՀ ֆինանսների նախարարության պատվիրակությունը ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Կարեն Թամազյանի գլխավորությամբ Մոսկվայում քննարկումներ է ունեցել Ռուսաստանի Դաշնության ֆինանսների նախարարության ներկայացուցիչների հետ: ՌԴ ֆինանսների նախարարության պատվիրակությունը գլխավորել է նախարարի տեղակալ Սերգեյ Ստորչակը: Երկկողմ հանդիպումներում քննարկվել են համագործակցության օրակարգը, այդ թվում՝ Հայաստանի Եվրասիական տնտեսական միության անդամակցության «Ճանապարհային քարտեզի» շրջանակներում իրականացվող միջոցառումներին առնչվող հարցերը: Անդրադարձ է եղել նաև միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծման հեռանկարներին, ինչպես նաև հանրային ֆինանսների կառավարման արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ ֆինանսների նախարարության տեխնոլոգիական և տեխնիկական վերազինման ծրագրի մեկնարկին վերաբերող հարցերին: Հանդիպման արդյունքում կողմերը ստորագրել են Հայաստանի ԵԱՏՄ-ին անդամակացության «Ճանապարհային քարտեզով» նախատեսված պարտավորությունների կատարման համար տեխնիկական և ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ միջկառավարական, ինչպես նաև ՌԴ ՖՆ և ՀՀ ՖՆ համապատասխան համաձայնագրերում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ արձանագրությունները: Վերոնշյալից բացի ստորագրվել է նաև համաձայնագիր ՀՀ-ին անհատույց ֆինանսական աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ՝ միասնական ավտոմատացված տեղեկատվական համակարգի ստեղծման նախագծի համաֆինանսավորման շրջանակներում: Ըստ համաձայնագրի՝ 2017-2021 թթ. հայկական կողմին կցուցաբերվի սարքավորումների տեղադրման, մասնագետների վերապատրաստման աջակցություն:

Նմանատիպ նյութեր