211652_close_icon
views-count7295 դիտում article-date 11:59 03-07-2017

Զինապարտության տարիքի քաղաքացիների առողջության վերականգման իրավունքը սահմանափակվում է. Կարեն Հեքիմյան. aravot.am

Aravot.am-ը հրապարակել է «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանի հոդվածը: «Պարզվում է ՀՀ-ում կան քաղաքացիներ, ում նկատմամբ սահմանափակվում է առողջության պահպանման և վերականգման իրավունքը: ՀՀ 21-ամյա քաղաքացի Մ.Ն.-ը օրերից մի օր ողնաշարային ցավեր է ունեցել: Որոշել է հետազոտվել և բժշկական օգնություն ստանալ: «Էրեբունի» ԲԿ-ում նրան հրաժարվել են հետազոտել` պատճառաբանելով, որ նա զինապարտության տարիքի է: Երկար բանակցություններից հետո, նույնկերպ են վարվել նաև «Արմենիա» ԲԿ-ում: Ընդ որում, «Արմենիա» ԲԿ-ում այդօրինակ որոշումն ընդունել են «վերևների» հետ հեռախոսային բանակցությունների արդյունքում: Փաստորեն, «Էրեբունի» և «Արմենիա» ԲԿ-ները սահմանել են քաղաքացիների այն խումբը, որոնց նկատմամբ սահմանափակված է առողջության պահպանման և վերականգնելու իրավունքը: Այդ խմբի մեջ են մտնում զինապարտության տարիքի ՀՀ քաղաքացիները: Ինչքանո՞վ են իրավաչափ ԲԿ-ների գործողությունները, կա՞ արդյոք որևէ իրավական ակտ, որով սահմանափակվում է զինապարտներին բժշկական օգնություն տրամադրելու պարտականությունը, որն է համարվում զինապարտության տարիք և վերջապես որտե՞ղ քաղաքացիների այդ հատվածը պետք է ստանա բժշկական օգնություն: Ըստ «Էրեբունի» և «Արմենիա» ԲԿ-ների՝ զինապարտության տարիքի ՀՀ քաղաքացուն բժշկական օգնություն չտրամադրած բժիշկների՝ զինապարտության տարիքի քաղաքացիները պետք դիմեն զինկոմիսարիատ, ըստ հաշվառման վայրի: Թե «Էրեբունի», թե «Արմենիա» ԲԿ-ների բժիշկները չկարողացան ներկայացնել կամ հղում կատարել, իրենց գործողություններն արդարացնող որևէ իրավական ակտի՝ չէ և վերջ: ՀՀ առողջապահության նախարարության իրավաբանական բաժնում ինձ վստահեցրին, որ չկա և չի էլ կարող լինել քաղաքացիների մի այնպիսի խումբ, սոցիալական խավ և ընդհանրապես որևէ քաղաքացի ում նկատմամբ սահմանափակվի առողջության պահմանման և վերականգման իրավունքը, միաժամանակ նշելով, որ չկար, չկա և չի կարող լինել նման իրավունքը սահմանափակող իրավական ակտ: ՀՀ առողջապահության նախարարության մեկ այլ բաժնում չբացառվեց առողջության պահմանման և վերականգման իրավունքը՝ զինապարտության տարիքի քաղաքացիների նկատմամբ, սահմանափակող գործողությունների փաստը: Այդ բաժնում նշեցին, որ տրամաբանական են գտնում, որ զինապարտության տարիքի քաղաքացիների հարցով զբաղվեն զինկոմիսարիատները և չկարողացան նշել կամ հղում անել որևէ իրավական ակտի վրա, սակայն առաջարկեցին օգնել: Օգնություն առաջարկելն, իհարկե, լավ է, սակայն ենթադրենք մի դեպքում օգնեցին և մեկ զինապարտության տարիքի քաղաքացի ստացավ բուժօգնություն: Բա մնացածնե՞րը: Զինապարտության տարիքի քաղաքացիների՝ բուժհաստատության փոխարեն, զինկոմիսարիատ դիմելը տրամաբանական են համարում նաև զինկոմիսարիատի աշխատակիցները, որոնց կարծիքով, զինապարտության տարիքի քաղաքացին առողջության, թեկուզ թեթև, վատթարացման հետևանքով, պետք է առաջին հերթին դիմի զինկոմիսարիատ և միայն այդ կառույցի դիրքորոշումից է կախված քաղաքացու հետագա բուժումը: Այս դեպքում անհասկանալի է թե ո՞վ և ինչպե՞ս է հասցնելու հիվանդին առաջին օգնությունը և ի վերջո անհասկանալի է թե ի՞նչ է լինելու եթե զինկոմիսարիատը բացասական դիրքորոշում հայտնի զինապարտության տարիքի քաղաքացու բուժման կամ հետազոտման համար: Այս պատմությունից, համենայնդեպս, ինձ համար պարզ դարձավ, որ մեր երկրում առողջության պահպանման և վերականգնման իրավական սահմանափակման բացակայության պայմաններում, այդպիսի սահմանափակում կիրառվում է զինապարտության տարիքի քաղաքացիների նկատմամբ: Այդ տարիքային խումբը կազմում է մեր ազգաբնակչության 30-35%: Իհարկե, պետք է նշել, որ երևույթն առայժմ համատարած բնույթ չի կրում, բժիշկները «աչքաչափով» են որոշում հիվանդի տարիքը և սահմանափակում են առայժմ շատ երիտասարդ տեսք ունեցողների բուժման իրավունքը, սակայն երևույթն առկա է և ունի ջատագովներ՝ ի դեմս «Էրեբունի» և «Արմենիա» ԲԿ-ի բժիշկների, առողջապահության նախարարության որոշ պաշտոնյաների և զինվորական գործիչների: Իսկ եթե երևույթը կա և այն բացասական է իրավունքի իմաստով, ապա այն կամ պետք է վերացնել կամ էլ իրավական դաշտ ստեղծել և օրենքի ուժ տալ: Վերջին դեպքում, արդեն իսկ մոտ ապագայում կարող ենք ունենալ քաղաքացիների մի մեծ հատված, որոնք բուժօգնություն ստանալու համար, բուժհաստատություն դիմելու փոխարեն, ստիպված կլինեն դիմել զինկոմիսարիատ, դրա բոլոր հետևանքներով»: Ամբողջությամբ՝ [url=http://www.aravot.am/2017/07/02/895151/]aravot.am[/url] կայքում։

Նմանատիպ նյութեր