211652_close_icon
views-count9494 դիտում article-date 21:34 03-07-2017

ԱԺ այգում աճող սակուրաները խորհրդանշում են հայ-ճապոնական բարեկամությունը

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը այսօր՝ հուլիսի 3-ին ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Էյջի Տագուչիին: Ողջունելով դեսպանին Ազգային ժողովում՝ Արա Բաբլոյանը նշել է. «Այս տարի լրանում է մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակը: Քառորդ դարի ընթացքում հայ-ճապոնական հարաբերությունները կայուն զարգացում են ապրել, ընդլայնվել նոր ոլորտներով և համալրվել նոր բովանդակությամբ»: ՀՀ ԱԺ նախագահն ընդգծել է, որ Ճապոնիայի հետ փոխշահավետ համագործակցության զարգացումը Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության մեջ կարևոր տեղ է զբաղեցնում և մեր երկրում առանձնահատուկ հետաքրքրություն կա Ճապոնիայի պատմության և մշակույթի հանդեպ: Արա Բաբլոյանը երախտագիտություն է հայտնել Ճապոնիայի կառավարությանը տարիների ընթացքում Հայաստանին տրամադրված աջակցության և մեր երկրում օժանդակության ծրագրեր իրականացնելու համար: Էյջի Տագուչին բարձր է գնահատել Ճապոնիայի և Հայաստանի միջև առկա հարաբերությունների մակարդակը և փաստել, որ հիմնադրման օրվանից ի վեր դեսպանությունը ձգտում է զարգացնել և խորացնել հարաբերությունները երկու երկրների միջև: Դեսպանն անդրադարձել է Հայաստանում Ճապոնիայի կառավարության կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, բարեկամ երկու երկրների միջև մուտքի արտոնագրերի ազատականացմանը և առևտրատնտեսական համագործակցության զարգացման նոր ուղիների բացահայտմանն առնչվող հարցերին: Հանդիպման ավարտին զրուցակիցները նշել են, որ Ազգային ժողովի այգում աճող սակուրաները խորհրդանշում են հայ և ճապոնացի ժողովուրդների բարեկամությունը, որը տարեցտարի խորանում է՝ անկախ աշխարհագրական հեռավորությունից:

Նմանատիպ նյութեր