211652_close_icon
views-count7212 դիտում article-date 20:49 04-07-2017

Սերժ Սարգսյանին հավատարմագրերն է հանձնել ՀՀ-ում Իսպանիայի նորանշանակ դեսպանը. անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը

Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Իգնասիո Իբանյես Ռուբիոն (նստավայրը՝ Մոսկվա): Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին պաշտոնն ստանձնելու կապակցությամբ և հաջողություններ մաղթել մեր երկրում դիվանագիտական առաքելությունն իրականացնելու գործում։ Նշելով, որ չնայած հայ-իսպանական միջպետական կապերն սկսել են զարգանալ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր անցած 25 տարիների ընթացքում, Նախագահն ընդգծել է, որ հնագույն մշակույթի և ընդհանուր քրիստոնեական արժեհամակարգի կրողներ հայ և իսպանացի ժողովուրդները բարեկամական հարաբերություններ են ունեցել շատ ավելի վաղ ժամանակներից և մշտապես փոխադարձ համակրանք են տածել միմյանց նկատմամբ: Հանրապետության Նախագահի համոզմամբ, այդ հանգամանքը երկուստեք պարտավորեցնող է, և անհրաժեշտ է ակտիվացնել ջանքերը բոլոր ոլորտներում համագործակցությունը զարգացնելու և երկկողմ հարաբերություններն ամրապնդելու համար: Դեսպան Ռուբիոն շնորհակալություն է հայտնել Նախագահին ընդունելության և շնորհավորանքի համար, վստահեցրել, որ կանի ամեն հնարավորը խորացնելու բարեկամ Հայաստանի հետ Իսպանիայի հարաբերությունները, Հայաստանն իր հարուստ մշակույթով, պատմությամբ և ներդրումային հնարավորություններով ավելի ճանաչելի դարձնելու Իսպանիայում՝ խրախուսելով երկու երկրների հասարակությունների միջև շփումները, նպաստելով նաև գործարար կապերի հաստատմանն ու տարբեր ոլորտներում ակտիվ փոխշփումներին: Հանդիպմանը հայ-իսպանական երկկողմ հարաբերություններից բացի, անդրադարձ է եղել ՀՀ-ԵՄ համագործակցությանը: Դեսպան Ռուբիոն նշել է, որ ԵՄ ակտիվ անդամ Իսպանիան պատրաստ է աջակցել Հայաստանին ԵՄ-ի հետ համագործակցության զարգացման ճանապարհին: Զրուցակիցները մտքեր են փոխանակել նաև ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր