211652_close_icon
views-count9394 դիտում article-date 10:49 06-07-2017

Երեխայի մահը շահարկումից դուրս է. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Երկու օր առաջ Ադրբեջանի ձեռնարկած սադրանքը և մեր զինված ուժերի համաչափ պատասխանը կրկին սրելու է իրավիճակը ռազմաճակատում։ Կարծում եմ՝ գործը լայնամաշտաբ պատերազմի դարձյալ չի հասնի, բայց որ կլինեն բախումներ, և ցավոք, կլինեն նաև զոհեր երկու կողմերից՝ դա, ինձ թվում է, անխուսափելի է։ Խաղաղ բնակիչներին որպես կենդանի վահան օգտագործելը և հետո վայնասուն բարձրացնելը միջազգային պրակտիկայում ընդունված մարտավարություն է և (կարծում եմ՝ անարդարացիորեն) կրում է ազգերից մեկի անունը։ Միտումնավոր չեմ կրկնի այդ եզրը՝ այդ ժողովրդին չվիրավորելու համար: Իսկ ընդհանրապես ուզում եմ խոսել բոլոր ազգերի հանդեպ հարգալից վերաբերմունքի մասին, բոլոր, այդ թվում՝ ադրբեջանցիների և թուրքերի: Նրանց երկու պետությունների նպատակը մեզ հայտնի է՝ այդ երկրների ղեկավարները ոչ թե Արցախն են ուզում, նրանք ուզում են, որ մենք` հայերս, այս տարածաշրջանում չապրենք: Այդ նպատակն է հետապնդում թուրքական պետությունը շատ երկար ժամանակ` ավելի քան մեկ դար: Մենք այդ նպատակներին հակադրվելու համար ստիպված ենք ուժ կիրառել, ինքնապաշտպանվել: Եթե մեզ վրա կրակում են, մենք էլ պետք է կրակենք, եթե հակառակորդի զինվորը փորձում է մոտենալ մեր դիրքերին, նրան պետք է ոչնչացնել: Բայց ազգի հանդեպ ատելությունը, ամբողջ ազգից վրեժ լուծելու ձգտումը չպիտի մթագնի մեր ուղեղը։ Նախ՝ այն պատճառով, որ պատերազմը սառնսրտություն է պահանջում։ Երկրորդ՝ ինձ թվում է, մենք կռիվ ենք տալիս ոչ միայն մեր հողի համար կամ հանուն մեր բնակչության պաշտպանության, մենք կռվում ենք նաև հանուն այն արժեքների, որոնցով մենք` հայերս, ցանկանում ենք ներկայանալ աշխարհին և, ինչու չէ, դարձնել այդ աշխարհը ավելի բարի և հանդուրժող: Դա է նաև պատճառը, որ երբ պատերազմի զոհ է դառնում ադրբեջանցի երեխան, դա ինձ համար նույնքան ցավալի է, որքան հայ կամ որւէ այլ ազգի երեխայի մահը։ Հակառակորդը դա շահարկում է քաղաքական նպատակներով, բայց երկու տարեկան երեխայի մահը, իմ կարծիքով, դուրս պետք է լինի որևէ շահարկումից։ Ես չեմ հավատում, որ մոտ ժամանակներս հնարավոր է խաղաղություն հաստատել մեր ժողովուրդների միջև։ Բայց հնարավոր է մարդ մնալ նաև պատերազմի պարագայում»։ [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր