211652_close_icon
views-count19439 դիտում article-date 09:38 14-07-2017

Չկա տերմինալ՝ մի վճարեք. «Վարորդի ընկեր» հ/կ-ն պատրաստ է աջակցել. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. ««Վարորդի ընկեր» հասարակական կազմակերպությունը պատրաստ է անվճար իրավաբանական աջակցություն տալ այն վարորդներին, որոնք Երևան քաղաքի «կարմիր գծեր» կոչվող ավտոկայանատեղիներում կկայանեն իրենց մեքենաները և վճարահաշվարկային տերմինալներ չհանդիպելու դեպքում չեն վճարի ավտոկայանտեղիի տուրքը: Այս մասին armtimes.com-ի հետ զրույցում ասաց կազմակերպության հիմնադիր անդամ, Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Սերգեյ Ղահրամանյանը՝ անդրադառնալով «Փարքինգ Սիթի Սերվիս» ընկերության այն հայտարարությանը, որի համաձայն՝ օգոստոսի 1-ից թանկանալու է կայանատեղիի գումարը բջջային օպերատորների կողմից պահանջվող միջնորդավճարի հաշվին: «Եղել են դեպքեր, որ վարորդի բջջային հեռախոսում բավարար միջոցներ չեն եղել, երեկոյան 10-ից 11-ն ընկած միջակայքում նա չի կարողացել վճարում կատարել, քանի որ բացակայել են նաև տերմինալները: Հիմնականում մենք հորդորել ենք չվճարել, օգնել ենք և օգնում ենք բողոքարկման գործընթացում: Նախորդ տարի, ընդհանուր առմամբ 5 հազար բողոքարկում է եղել ավտոկայանատեղիների հետ կապված, որից 3800-ը բավարարվել է, մենք դրանից մի քանի հարյուրն ենք ներկայացրել»,- ասաց Սերգեյ Ղահրամանյանն ու նշեց, որ իրենց հիմնադրած կազմակերպության թե՛ վերադաս կարգով, թե՛ դատական կարգով ներկայացրած բողոքները գրեթե անխտիր բավարարվում են: Հիշեցնենք, որ Երևան փոխքաղաքապետ Վահե Նիկոյանն armtimes.com-ի հետ զրույցում ասել էր, որ Երևանու վճարովի ավտոկայանատեղիների հարևանությամբ արդեն իսկ 300 տերմինալ է տեղադրվել: Երևանի ավագանու անդամը չի վիճարկում փոխքաղաքապետի ներկայացրած թիվը, սակայն պնդում է, որ ավտոկայանատեղիների մոտ 50 տոկոսի հարևանությամբ վճարահաշվարկային տերմինալներ տեղակայված չեն: Նշենք, որ այսօր Երևանի քաղաքապետարանը հանդես է եկել հայտարարությամբ, որում ասված է. «Խնդրի առնչությամբ Երևանի քաղաքապետարանը գրավոր դիմել է բջջային կապի օպերատորներին՝ քննարկելու SMS հաղորդագրության միջոցով ավտոկայանատեղի վճարի գանձման ձևաչափում հնարավոր փոփոխություններ կատարելու հարցը, ինչը հնարավորություն կտա վերացնելու լրացուցիչ ԱԱՀ-ի վճարման անհրաժեշտությունը, ինչպես նաև էապես կնվազեցնի գանձման հետ կապված հավելյալ այլ ծախսերը։ Միաժամանակ այս ուղղությամբ քննարկումներ են ընթանում գործընթացի մասնակիցների, մասնագիտական խմբերի և կառույցների հետ՝ խնդրին առնչվող կողմերի հետ փոխգործակցությամբ հնարավոր լուծումներ գտնելու համար։ Նախնական քննարկումների արդյունքում ձեռք է բերվել համաձայնություն՝ խնդիրը բոլորի համար ընդունելի պայմաններով լուծելու վերաբերյալ»»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր