211652_close_icon
views-count7302 դիտում article-date 20:54 15-07-2017

Արցախում «Լույս» հիմնադրամի ուսանողներն իրականացնում են տարբեր ծրագրեր

«Լույս» հիմնադրամի ուսանողները «Զարգացնենք Հայաստանը» ծրագրի շրջանակներում գտնվում են Արցախում: «Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում «Լույս» հիմնադրամի կրթաթոշակառու, Օքսֆորդի համալսարանի ուսանողուհի Աստղիկ Պետրոսյանն ասել է, որ իրենք եկել են Արցախ 15 հոգանոց խմբով. նրանք խմբեր ունեն նաև Վանաձորում, Դիլիջանում, Գյումրիում: «Մենք այստեղ են տարբեր ծրագրերով՝ սկսած կրթության ոլորտից, մինչև աշխատաշուկա և հանրային տրանսպորտի բնագավառ: Փորձելու ենք 10 օրվա ընթացքում մեր ներդրումը բերել Արցախի զարգացմանը՝ իրականացնելով այստեղ նաև մեր նախագծերը: Մենք մեր գիտելիքները, փորձը, հմտությունները այստեղի տաղանդաշատ երիտասարդներին փոխանցել, ինչպես նաև իրենցից կսովորենք այն, ինչը մեզ համար նորություն կլինի»,-ասել է Ա. Պետրոսյանը և նշել, որ ինքը իր մի քանի ընկերների հետ իրականացնում է նաև սահմանադրական բարեփոխումների ծրագիր: Քեմբրիջի համալսարանի իրավաբանություն բաժնի ուսանողուհի Ռոզա Վանյանն էլ ասել է, որ Արցախում իրականացնելով սահմանադրական բարեփոխումների ծրագիրը, իրենք կփորձեն ինֆոգրաֆիկայի միջոցով ներկայացնել հանրությանը, թե իրավական առումով ինչ տարբերություններ կան հին և նոր Սահմանադրությունների միջև: «Աշխատում ենք Ստեփանակերտի «Թումո» տեխնոլոգիական կենտրոնում և բավականին տպավորված ենք՝ տեսնելով, թե արցախցի երիտասարդները ինչպիսի անհագ ցանկություն ունեն ամեն ինչ սովորելու և առաջ գնալու. մենք այդ ամենով շատ ոգևորվեցինք»,-ասել է Ռ. Վանյանը: Բերքլիի Կալիֆորնիայի համալսարանի լրագրության բաժնի ուսանողուհի Անի Վահրադյանն էլ, մասնավորապես ասել է. «Մենք ընկերներով այստեղ ծրագրեր ենք իրականացնում: Անց ենք կացնում դասընթացներ, որոնց թեմաներն են՝ պրոֆեսիոնալ ռեզյումե կազմելու հմտությունների զարգացումը, աշխատանքային հարցազրույցի մասնակցության հմտությունների զարգացումը, էլեկտրոնային նամակագրության հմտությունների զարգացում և գործարար ցանցի ձևավորումը»: Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի ուսանողուհի Ջեսիկա Խազրիկն, ով նախկինում սովորել է թատրոնի և լեզվաբանության բաժնում, այս ծրագրի շրջանակներում ուսումնասիրելու է լեզվաբանության այն հասկացությունները, որոնք կապ ունեն խոսքի արտահայտ-չականության հետ: «Դասընթացներ եմ անցկացնելու «Թումո»-ում, որտեղ ներկայացնելու եմ արվեստի և տեխնոլոգիայի կապի մասին: Խոսելու եմ համացանցի հնարավորությունների մասին, թե ինչպես կարելի է այն ավելի հեշտ օգտագործել: Ես շատ եմ ուզում նաև սովորել հայերեն»,-ասել է Ջ. Խազրիկը: Չիկագոյի համալսարանի աստղաֆիզիկայի բաժնի ուսանող Պետրոս Բոյաջյանի խոսքով էլ ինքն Արցախում երթուղայինների և ճանապարհների մասին ծրագիր է իրականացնում: «Մենք քարտեզագրման աշխատանքներ ենք կատարում, որպեսզի օտարերկրացիները, գալով Արցախ, մի վայրից մեկ այլ վայր տեղափոխվելու համար կարողանան կողմնորոշվել: Այս ամենը մենք անվճար «Android» օպերացիոն համակարգով կտեղադրենք հեռախոսների մեջ. այն հնարավորություն կտա բոլոր անծանոթներին չշփոթվելու և շուտ կողմնորոշվելու»,-ասել է Պ. Բոյաջյան: Չիկագոյի համալսարանի նյարդաբանություն, բժշկություն բաժնի ուսանողուհի Էմիլի Տերյանն էլ նշել է, որ ինքն ուրախ է «Լույս» հիմնադրամի ծրագրի շրջանակներում լինել Արցախում և հանդիպումներ ունենալ և շփվել տարբեր ոլորտի մարդկանց հետ: «Շատ պատմություններ էի լսել Արցախի մասին, բայց ասեմ, որ լսածս և տեսածս իրար չեն համապատասխանում: Ես պարզապես հիացած եմ Արցախով. այստեղ կան մշակութային այնքան շատ կենտրոններ, ժամանցի հրաշալի վայրեր: Եղել ենք Շուշիում, «Մենք ենք, մեր սարերը» հուշակոթողի մոտ. անմեկնելի են ստացածս տպավորությունները»,-հավելել է Է. Տերյանը: Մեր զրուցակիցները պատրաստակամ են իրենց ստացած գիտելիքներով կիսվել արցախցի երիտասարդների հետ: Խոստացել են, որ այն համալսարաններում, որտեղ իրենք սովորում են, կպատմեն Արցախի մասին, իրենց Արցախում կատարած աշխատանքներով ցույց կտան Արցախի զարգացման ընթացքը. այդ ամենը ևս կնպաստեն Արցախի ճանաչման գործընթացին: Նշենք, որ «Լույսը» փոխառություն կամ կրթաթոշակ է շնորհում աշխարհասփյուռ հայ ուսանողներին` աշխարհի առաջատար բուհերում սովորելու համար: «Լույսի» ուսանողները կիրառում են իրենց հմտությունները և գիտելիքը` անմիջականորեն մասնակցելով «Զարգացնենք Հայաստանը միասին» ծրագրին:

Նմանատիպ նյութեր