211652_close_icon
views-count23281 դիտում article-date 20:11 20-07-2017

Վարդավառի տոնը եկեղեցին նշելու է հուլիսի 23-ին. մեկնարկը կտրվի հուլիսի 22-ի երեկոյան ժամերգությունից հետո

«Տոնը Վարդավառ է կոչվում այն բանի համար, որ համեմատվում է վարդի կոկոնի հետ, որի մինչև բացվելը չենք իմանում, թե ինչ գույն ու տեսք է ունենալու: Այդպիսին է նաև Հիսուս Քրիստոսը»,- Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանն այսօր հրավիրված ասուլիսին, քրիստոնեական ընկալմամբ մեկնաբանելով տոնն, ասաց, որ Քրիստոսի պայծառակերպությունը մաքրագործված-աստվածացած մարդու խորհրդանիշ է: Քահանան պատմեց, որ Հիսուս Քրիստոսը բարձրացել է Թաբոր լեռան վրա և իր ամենօրյա աղոթքների շնորհիվ լուսավոր կերպարանք առել: Այստեղ են եղել նաև նրա աշակերտներից, որոնք վերջնականապես համոզվել են, որ Քրիստոսն Աստծո որդին է: Ըստ նրա՝ Վարդավառը գեղեցիկ ուխտագնացության տոն է եղել, ոչ համայնքային եկեղեցիներում, այլ վանքերում, որոնք բնակավայրերից հեռու են եղել: «Երգ, պար, լարախաղացություններ, մատաղ, քեֆ, այդ սովորությունը դարերի խոսքից եկող ավանդություն է»,- ասաց նա և նշեց, թե այսօր Արարատյան թեմի երիտասարդները վեր են հանել այդ ավանդույթները: Այս տարի էլ, ըստ հոգևորականի, միջոցառումները կնշվեն ճոխ և ավելի լավ, քանի որ միջոցառումների անցկացումը դրվել է պետական հիմքերի վրա և միջոցառմանը միացել են նաև Մշակույթի նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը: Հայ Առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից մեկը Վարդավառի տոնը կամ տիրոջ Պայծառակերպության օրն այս տարի կնշվի հուլիսի 23-ին: Տոնի մեկնարկը կտրվի եկեղեցական տոմարով, հուլիսի 22-ի երեկոյան ժամերգությունից հետո՝ նախատոնակով: Արարատյան Հայրապետական թեմի Առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցու «Արարատ» երիտասարդաց միության անդամ Տաթև Զախարյանը նշեց, որ 22-ին ժամը 18-ից Սուրբ Սարգիս եկեղեցուց կսկսի տոնական երթը: «Տոնի ազգային խորհուրդը բավական գեղեցիկ է, ունենք խորհդանիշեր: Դրանցից է վարդավառյան խնդումը, որը ծառ է՝ զարդարված է խնձորով, վարունգով և վարդերով: Հնուց եկած ավանդույթ է, խնձորի պահք են պահել, հետո տոնին խնձորը խարույկին խորովել են, կերել: Տոնին ևս այդ ավանդույթը կանենք, մասնակիցները կհամտեսեն»,-ասաց նա: Նա նաև նշեց, որ Վարդավառին ջուր են ցողելու վարդաջրով և տոնին կմիանան նաև շատ զբոսաշրջիկներ: Ի դեպ, եկեղեցին նաև քարոզում է միմյանց ջրել «սիրուն ձևով»։ «Իհարկե պետք է թրջվել, ջուր ցողել, բայց կուզեի, որ գռեհիկ չարվեր, սիրով արվեր, տոնին համահունչ արվեր, երբ դույլերով են շաղ տալիս, երկկողմանի ագրեսիվություն է առաջանում: Չմոռանանք, որ այսօր զբոսաշրջիկները շատ–շատ են, մարդիկ մեզ քաղաքակիրթ ժողովուրդ գիտեն, պետք է այնպես անենք, որ սիրեն ոչ թե նայեն ու հիասթափվեն, պետք է ջրել, բայց քաղաքակիրթ ձևով ու մաքուր ջրով»,- ասաց Տեր Պետրոս ավագ քահանա Մալյանը:

Նմանատիպ նյութեր