211652_close_icon
views-count6638 դիտում article-date 20:52 26-07-2017

Մինչև տարեվերջ ունենալու ենք էլեկտրաէներգիայի արտահանման մինչև 20% աճ. Հայկ Հարությունյան

«Տեղական արտադրողների առաջարկած գները ոչ միայն մրցունակ են, այլև որոշ չափով ավելի քիչ են, քան ներկրվող արևային վահանակներով համակարգերի առաջարկը: Այսինքն` ռեալ, տեղական արտադրությամբ կարող ենք ավելի մատչելի դարձնել այս տեխնոլոգիաների կիրառումը Հայաստանում»,- այսօր մամուլի ասուլիսի ընթացքում ասաց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանն, անդրադառնալով արևային վահանակների տեղական արտադրությանը: Հայկ Հարությունյանը տեղեկացրեց, որ հայտարարվել է 55 Մգվ արևային կայանի կառուցման համար մրցույթ, ներկայացվել էր 20 դիմում, իսկ նախաորակավորման փուլն անցել է 10 կազմակերպություն: «Մասնակցել են աշխարհահռչակ, խոշորագույն ընկերություններ: Մեզ համար շատ դրական հաջողություն էր այն, որ կարողացանք հետաքրքրություն առաջացնել նման հսկա ընկերությունների շրջանում, որ գան և հայտարարված մրցույթին մասնակցեն»,- ասաց նա և նշեց, որ մրցույթը կավարտվի 2018 թվականի առաջին եռամսյակում: Փոխնախարարն տեղեկատվություն տրամադրեց նաև էլեկտրաէներգիայի արտադրության և արտահանման ծավալների մասին: «Այս կիսամյակում համեմատած անցած կիսամյակի ունենք էլեկտրաէներգիայի արտադրության 4,9 տոկոս աճ, ներմուծումը գրեթե նույնն է մնացել`1,8 տոկոսով է ավելացել, արտահանումը ռեժիմների հետ կապված մի քիչ նվազել է, բայց դա կոմպենսացվելու է մինչև տարեվերջ և մեր կանխատեսումներով մինչև տարեվերջ առնվազն ունենալու ենք մինչև 20 տոկոս էլեկտրաէներգիայի արտահանման աճ»,- ասաց նա:

Նմանատիպ նյութեր