8878 դիտում
21:49 26-07-2017
Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության մեծ ներուժ կա. Ջոն Հեֆֆերն
Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև տնտեսական համագործակցության մեծ ներուժ կա, հայտարարել է Կոնգրեսում ԱՄՆ-ի Պետքարտուղարության ներկայացուցիչը:
Նրա խոսքով, մարդասիրական օգնության տրամադրման փոխարեն Միացյալ Նահանգները ցանկանում է Հայաստանի հետ առևտրատնտեսական հարաբերություններ զարգացնել՝ հաղորդում է [url=https://www.amerikayidzayn.com/a/3959606.html]«Ամերիկայի ձայն»[/url]-ը:
Միացյալ Նահանգների պետքարտուղարի օգնականի պաշտոնակատար Ջոն Հեֆֆերնը հայ-ամերիկյան գործընկերության մասին ամենատեղեկացված մարդկանցից մեկն է: 2011-ից մինչև 2014 թվականը, որպես Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան, նա նպաստել է երկկողմ քաղաքական և առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: Կոնգրեսում անցած լսումների ընթացքում, պատասխանելով կոնգրեսական Բրեդ Շերմանի հարցին, Ջոն Հեֆֆերնը հայտարարել է, որ հայ-ամերիկյան տնտեսական հարաբերություններն ունեն կարևորագույն ներուժ.
«Մենք ցանկանում ենք օգնության տրամադրման վրա հիմնված մեր երկկողմ հարաբերությունները զարգացնել՝ հասնելով առևտրային համագործակցության վրա հիմնված հարաբերությունների»:
Պետքարտուղարության ներկայացուցիչը նշել է, որ 2015 թվականի մայիսին կնքված հայ-ամերիկյան Առևտրի և ներդրումների պայմանագիրն արդեն իսկ նպաստում է երկու պետությունների միջև առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը: ԱՄՆ-ում առավել հեռանկարային են համարում Հայաստանի հետ տնտեսական համագործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների և էներգետիկ ոլորտներում, կոնգրեսականներին ասել է Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության ներկայացուցիչ Մարգոթ Էլիսը.
«Դրանք այն ոլորտներն են, որոնք կարող են ոչ միայն զարգացնել եվրաատլանտյան ինտեգրումը, այլ նաև հնարավորություն են ընձեռում ամերիկյան ընկերություններին ներգրավվել և զարգացնել Հայաստանի հետ գործընկերությունը»:
Հայ-ամերիկյան տնտեսական գործընկերության զարգացման համար կարևոր դեր ունի նաև երկու պետությունների միջև կրկնակի հարկումից խուսափելու պայմանագրի մշակումն ու ստորագրումը, համոզված է կոնգրեսական Բրեդ Շերմանը: Կոնգրեսականը կոչ արեց Պետքարտուղարության ներկայացուցիչներին հորդորել ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությանը առաջնահերթության կարգով մշակել Հայաստանի հետ հարկային պայմանագիրը.
«Հայաստանի կառավարությունն իր կողմից պաշտոնապես հայտարարել է, որ պատրաստ է սկսել պայմանագրի մշակումը ամերիկյան նմուշի հիման վրա»:
«Ինչ վերաբերում է երկկողմ հարկային պայմանագրին, Ֆինանսների նախարարությունն առաջնահերթությունը տալիս է մեկ չափանիշի հիման վրա՝ արդյոք ամերիկյան ընկերություններն օգուտ կստանան այդ պայմանագրից», – նշել է Ջոն Հեֆֆերնը:
«Հավաստիացնում եմ ձեզ, որ նրանք նաև հաշվի են առնում Պետքարտուղարության կարծիքը, թե որքանով է դա համապատասխանում մեր ազգային շահերին, և ես հույս ունեմ լսել դա ձեզանից: Սակայն տեղյակ եմ նաև, որ լսելու եմ դա նաև ամերիկյան մի շարք խոշոր ընկերություններից»:
Կոնգրեսական Շերմանն անդրադարձել է նաև ԱՄՆ-ի կողմից Լեռնային Ղարաբաղին հատկացվող օգնությանը.
«Եկեք խոսենք ականազերծման ծրագրերի և Արցախի, որը նախկինում Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն էր անվանվում, աջակցության ծրագրերի մասին»:
Պետքարտուղարության ներկայացուցիչը նշեց, որ անցած տարիների ընթացքում Միացյալ Նահանգները «Լեռնային Ղարաբաղին, ԼՂ ժողովրդին տրամադրել է 45 միլիոն դոլարի մարդասիրական օգնություն, այդ թվում՝ մաքուր ջրով ապահովման և ականազերծման ծրագրերի տեսքով:
Նմանատիպ նյութեր
1661 դիտում
20:35 04-09-2022
ՌԴ-ում Ամերիկայի Միացյալ Նահանգների դեսպան Ջոն Սալիվանն ավարտել է աշխատանքն ու հեռացել Մոսկվայից
1966 դիտում
14:06 22-09-2018
Հայաստանը Միացյալ Նահանգների հետ ունի հարաբերությունների բավականին մեծ օրակարգ. ԱԳ նախարար
Այս բաժնից
976 դիտում
11:54 22-12-2024
Գերմանիայում ձերբակալվել է Մագդեբուրգում ահաբեկչության կասկածյալին
622 դիտում
11:43 22-12-2024
Թրամփը սպառնացել է ԱՄՆ-ին վերադարձնել Պանամայի ջրանցքի վերահսկողությունը
649 դիտում
10:21 22-12-2024
ԱՄՆ-ն մանրամասներ է հաղորդել Եմենի մայրաքաղաքի վրա գիշերային ավիահարվածների մասին