9216 դիտում
16:07 27-07-2017
Նոր մոդել՝ անվճար բուժօգնության համակարգում. կառավարությունը կապահովագրի սոցփաթեթի շահառուներին
Առողջապահության ոլորտի պետպատվերի տեղաբաշխման գործընթացի թափանցիկության բարձրացման, պետբյուջեի միջոցների առավել նպատակային և արդյունավետ օգտագործման նպատակով կառավարությունը փոփոխություններ և լրացումներ է կատարել նախկինում ընդունած որոշումներում:
Հիմնավորման համաձայն, ներկայումս սոցիալական փաթեթի շահառուների համար պետբյուջեից հատկացվող միջոցները բժշկական հաստատություների միջև բաշխվում են նախապես` մինչև կոնկրետ բժշկական ծառայություն մատուցելը, տարվա ընթացքում առաջանում է բաշխված գումարի և պահանջարկի անհամապատասխանություն, և մեծ պահանջարկ ունեցող բժշկական հաստատություններին տրամադրված գումարները ծախսվում են օրացուցային տարվա ավարտից շատ ավելի շուտ: Ստացվում է մի իրավիճակ, երբ շահառուն փաստացի չի կարողանում օգտվել բժշկական ծառայություններից և գործող կարգի համաձայն՝ ստիպված է լինում հերթագրվել` սպասելով ծառայությունների մատուցմանը 3-6 ամիս:
Գործող համակարգի պայմաններում շահառուն հնարավորություն չունի նաև անհրաժեշտ հիվանդանոցային բուժօգնությունը ստանալու համար անմիջապես դիմել բժշկական հաստատությանը, քանի որ պարտադիր նախապայման է հանդիսանում սոցփաթեթի շահառու հանդիսանալու վերաբերյալ առաջնային պահպանման օղակի բուժհաստատության ուղեգիրը, ինչը շատ դեպքերում ֆորմալ բնույթ է կրում և ընկալվում է որպես բյուրոկրատական քաշքշուկ: Արդյունքում, շատ դեպքերում շահառուները ստիպված օգտվում են վճարովի ծառայություններից:
Այսպիսով, փոփոխություններով առաջարկվող մոդելով կառավարությունը, ի դեմս ՀՀ առողջապահության նախարարության, ապահովագրում է սոցիալական փաթեթի շահառուներին ՀՀ-ում գործող առողջության ապահովագրության լիցենզիա ունեցող և սոցիալական փաթեթի շահառուների ապահովագրության ծրագրին մասնակցության հայտ ներկայացրած ապահովագրական ընկերություններում:
Շահառուն հնարավորություն է ունենում առանց որևէ հավաստագրի անհրաժեշտության, միայն անձը հաստատող փաստաթղթի միջոցով դիմել ծրագրում ներառված ցանկացած բժշկական հաստատություն և ստանալ փաթեթով նախատեսված բժշկական ծառայությունները: Շահառուին բժշկական ծառայություններ մատուցող բժշկական հաստատությունների ցանկը, բժշկական ծառայությունների գնացուցակը սահմանում է նախարարությունը: Արդյունքում պետբյուջեից հատկացվող միջոցները կծախսվեն առավել նպատակային և հասցեական, զգալիորեն կբարձրանան շուրջ 100 հազար շահառուի սոցփաթեթի շրջանակում հատկացվող բժշկական ծառայություններից օգտվելու մատչելիությունը և դիմելիությունը:
Նախատեսվող կրկնակի վերահսկողության մեխանիզմի շնորհիվ, բացի նախարարությունից, բժշկական ծառայությունների մատուցման ընթացքին և հասցեականությանը կհետևի նաև ապահովագրական ընկերությունը` որպես ծառայությունների մատուցումը կազմակերպող կողմ:
Վարչապետը հետաքրքրվել է, թե երբ է նախատեսվում համակարգի ամբողջական ներդրումը:
«Նախատեսված է վեց ամիս հետևել այս ծրագրի իրականացման ընթացքին, որից հետո ծրագրում կընդգրկվեն սոցիալապես անապահով խավի 612 հազար ներկայացուցիչները: Մեկ տարի մշտադիտարկումից հետո կառաջարկվի Պարտադիր ապահովագրության մասին օրենքը», - հայտնել է առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը:
Նմանատիպ նյութեր
4526 դիտում
09:39 15-01-2020
Հիվանդանոցներում հրաժարվում են սոցփաթեթի շահառուներին սպասարկել. «Ժողովուրդ»
3562 դիտում
17:47 13-01-2017
Կմշակվեն հիվանդանոցային և արտահիվանդանոցային բուժօգնության և սպասարկման համակարգում բարեփոխումների առաջարկներ
Այս բաժնից
916 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
943 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»