211652_close_icon
views-count10697 դիտում article-date 23:36 27-07-2017

ՀՀ ՊՆ-ի հետ ծավալուն կերպով գործակցում ենք ռազմական ոլորտում․ Ամերիկացի գեներալ

«Հայաստանի հետ ռազմական համագործակցության ծրագրերը հաջողված են և շարունակական կլինեն»: Այսօր Ախուրյանում լրագրողների հետ հանդիպմանն այս մասին հայտարարեց ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի գեներալ-ադյուտանտ, գեներալ-մայոր Լի Թաֆանելին: Հաղորդում է [url=https://www.azatutyun.am/a/28643267.html]«Ազատություն»[/url] ռադիոկայանը: «Մենք բավականաչափ ծավալուն կերպով համագործակցում ենք ռազմական ոլորտում և այդ համագործակցությունն իրականացնում ենք Հայաստանի պաշտպանության նախարարության հետ»,- հայտարարեց ամերիկացի գեներալը, հավելելով․- «Հայաստանի պաշտպանության նախարարության հետ մենք համագործակցում ենք նահանգային ծրագրի շրջանակներում: Տարեկան 10-15 միջոցառում ենք իրականացնում տարբեր ոլորտներում, որոնք շարունակական են ու բավականին հաջողված: Ծրագրում ենք նույն որակով շարունակել»: Երեկ գեներալը հանդիպում էր ունեցել Հայաստանի պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի հետ: Պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ ամերիկյան կողմը պատրաստակամություն է հայտնել սերժանտական համակարգի ուսուցման, ռազմական բժշկության և միջազգային խաղաղապահ առաքելություններին մասնակցող հայկական ստորաբաժանումների գնահատման ուղղությամբ համագործակցությունը շարունակել երկարատև ծրագրերի ձևաչափով: Նշենք՝ 2002 թվականից ի վեր Միացյալ Նահանգները գրեթե 50 միլիոն դոլարի ռազմական աջակցություն է տրամադրել Հայաստանին: Լի Թաֆանելին ու Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանն այսօր Ախուրյանում դիտում էին Շիրակի մարզի փրկարարների ուսումնական վարժանքը: ԱՄՆ Կանզաս նահանգի ազգային գվարդիայի փորձագետներն առաջին օգնության, կենսաապահովման հիմունքների և վտանգավոր նյութերի հետ աշխատանքի թեմաներով տասնօրյա դասընթացներ են անցկացրել մարզի 6 հրշեջ-փրկարարական ջոկատների հետ: Կանզաս նահանգի հետ համագործակցությունը կշարունակվի նաև արտակարգ իրավիճակների նախարարության հետ: Նախարար Տոնոյանն այսօր ասաց, որ առաջիկայում նաև տեխնիկական հագեցվածության խնդիրը կլուծվի: Վաղը Կոտայքի մարզի «Լուսակերտ» վարժահրապարակում տեղի կունենան ավելի ծավալուն վարժանքներ, որոնց դարձյալ կմասնակցեն ամերիկացի զինվորականները:

Նմանատիպ նյութեր