Եվրամիության երկրների քաղաքացիները 2019թ. մարտից չեն կարողանա ազատ մտնել Մեծ Բրիտանիա
Եվրամիության երկրների քաղաքացիների համար Մեծ Բրիտանիա ազատ մուտքը կփակվի 2019 թվականի գարնանը՝ ԵՄ-ից թագավորության դուրս գալու հետ մեկտեղ: Այդ մասին հաղորդում է [url=https://www.svoboda.org/a/28650898.html]«Ազատությունը»[/url]՝ վկայակոչելով Մեծ Բրիտանիայի վարչապետի խոսնակի հայտարարությունը:
Վարչապետ Թերեզա Մեյի պաշտոնական ներկայացուցիչը լրագրողներին ասել է, որ ԵՄ քաղաքացիների տեղաշարժի ազատությունը կավարտվի 2019 թվականի մարտին:
«Ազատ տեղաշարժը կավարտվի 2019 թվականի մարտին»,- ասել է նա՝ հավելելով, որ կառավարությունն արդեն որոշ կետեր է սահմանել, այդ թվում՝ Brexit-ից հետո ԵՄ քաղաքացիների վերաբերյալ առաջարկներ:
Անցած շաբաթ ֆինանսների նախարար Ֆիլիպ Համոնդը հայտարարել էր, որ միությունից Բրիտանիայի դուրս գալուն չպետք է անմիջապես հաջորդի իմիգրացիոն օրենքներում փոփոխությունը, բայց առևտրի նախարար Լայամ Ֆոքսը նշել է, որ ազատ տեղաշարժը թույլատրելը կնշանակի շեղվել հանրաքվեի արդյունքներից: