211652_close_icon
views-count16780 դիտում article-date 14:00 02-08-2017

Գեղարքունիքի մարզպետի մոտ քննարկվել են մարզում ՏՏ ոլորտի զարգացման հեռանկարները

Այսօր՝ օգոստոսի 2-ին Գեղարքունիքի մարզպետ Կարեն Բոթոյանն ընդունել է Գյումրիի Տեղեկատվական Տեխնոլոգիաների Կենտրոնի գործադիր տնօրեն, Գյումրիի Տեխնոլոգիական Կենտրոնի Բիզնես զարգացման ղեկավար Ամալյա Եղոյանին, տեղեկացնում են Գեղարքունիքի մարզպետարանից։ Մարզպետը նախ շնորհակալություն է հայտնել հյուրին հրավերն ընդունելու համար, ապա ներկայացրել մարզում ՏՏ ոլորտի զարգացման ուղղությամբ կատարված և նախանշված աշխատանքները: Կարեն Բոթոյանը նշել է, որ շատ է կարևորում Գեղարքունիքում ՏՏ-ի ոլորտի զարգացումը, հավելելով, որ ոլորտում լուրջ քայլեր իրականացնելը լինելու է իր գործունեության առաջնահերթություններից մեկը: Ամալյա Եղոյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար, նշելով, որ պատրաստ է իր հնարավորությունների շրջանակներում աջակցել մարզում տեխնոլոգիական կրթության զարգացմանը։ Նա նշել է, որ որոշակի ուսումնասիրություններ իրականացնելուց հետո հնարավոր կլինի կարճ ժամանակում Գեղարքունիք ներմուծել մեկնարկային կրթական ծրագրեր, որոնց արդյունավետությունն արդեն ապացուցվել է այլ մարզերում: Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև ոլորտին առնչվող տարաբնույթ ծրագրերի մեկնարկի հնարավորությունները Գավառ, Վարդենիս, Վարդենիկ, Սևան և մարզի այլ խոշոր համայնքներում: Կողմերը պայմանավորվել են մոտ ժամանակներս ավելի ընդլայնված կազմով հանդիպում կազմակերպել մարզից նախապես ընտրված համայնքներից մեկում։

Նմանատիպ նյութեր