211652_close_icon
views-count15860 դիտում article-date 14:47 09-08-2017

ՀՀ ԱԳ նախարարը բարձր է գնահատում Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցում Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը

Օգոստոսի 8-ին Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտաքին գործերի նախարարի՝ Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի հարցերով օգնական Լի Հաուիլայի գլխավորած պատվիրակությանը, որ Երևանում է գտնվում երկու երկրների ԱԳՆ-ների միջև խորհրդակցություններին մասնակցելու նապատակով: Ողջունելով հյուրին՝ նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց հայ-չինական բարեկամական հարաբերությունների ներկա մակարդակը՝ նշելով, որ Հայաստանում Չինաստանի հետ հարաբերությունները դիտարկում են որպես արտաքին քաղաքականության առաջնահերթ ուղղություններից մեկը: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ Չինաստանի բաձրաստիճան դիվանագետը Հայաստանի արտգործնարարին փոխանցեց ՉՀԺ ԱԳ նախարար Վան Իի ողջյուններն ու բարեմաղթանքները և ընդգծեց, որ իր երկիրը ցանկանում է էլ ավելի խորացնել Հայաստանի հետ դինամիկ զարգացող գործընկերությունը և ամրապնդել բարեկամական կապերը: «Հայաստանի և Չինաստանի աննախադեպ բարձր մակրդակի վրա գտնվող հարաբերությունները և բարեկամությունը հիմնված են անկեղծության և փոխադարձ հարգանքի վրա»,- շեշտեց Լի Հաուիլայը։ Զրուցակիցներն անդրադարձան երկու երկրների ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին։ Կողմերն արժևորեցին Հայաստանի և Չինաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների 25 տարվա ընթացքում ձևավորված տարբեր բնագավառներում հաստատված սերտ համագործակցությունը: Էդվարդ Նալբանդյանն ու Լի Հաուիլայը քննարկեցին երկկողմ օրակարգին առնչվող բազմաթիվ հարցեր, կարևորեցին քաղաքական երկխոսությունը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնումը, միջազգային կառույցներում համագործակցությունը, միմյանց համար կարևոր հարցերում փոխադարձ շարունակական աջակցությունը։ Հանդիպմանը քննարկվեցին առևտրատնտեսական կապերի ընդլայնման ուղղությամբ գործադրվող համատեղ ջանքերը։ Այս առումով անդրադարձ արվեց հայ-չինական միջակառավարական հանձնաժողովի աշխատանքներին։ Լի Հաուիլայը կարևորեց այս տարվա մայիսին Պեկինում տեղի ունեցած «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» միջազգային համագործակցության համաժողովին հայկական կողմի մասնակցությունը՝ ընդգծելով, որ այդ ծրագիրը լայն հնարավորություն է ընձեռում երկկողմ տնտեսական փոխգործակցության խթանման համար: Էդվարդ Նալբանդյանը շեշտեց Հայաստանի շահագրգռվածությունը՝ ակտիվորեն մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» ծրագրին։ Զրույցի ընթացքում անդրադարձ կատարվեց համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում: Այս առնչությամբ կարևորվեց Չինաստանի Դալիան քաղաքի օտար լեզուների համալսարանում հայագիտական կենտրոնի, ինչպես նաև Հայաստանում Կոնֆուցիոսի ինստիտուտի գործունեությունը։ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը երախտագիտություն հայտնեց Չինաստանի կողմից Հայաստանին անկախությունից ի վեր ցուցաբերվող օժանդակության համար: Հանդիպման օրակարգում էին տարածաշրջանային և միջազգային օրակարգի մի շարք հրատապ հարցեր։ Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ Հայաստանի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների կողմից գործադրվող համատեղ ջանքերը՝ բարձր գնահատելով հիմնախնդրի կարգավորման հարցում բարեկամ Չինաստանի հավասարակշռված դիրքորոշումը: Իր հերթին, Լի Հաուիլայն ընդգծեց, որ Չինաստանը սատարում է խնդրի բացառապես խաղաղ կարգավորման ուղղությամբ գործադրվող ջանքերին: Հանդիպումից հետո Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը և Չինաստանի ԱԳ նախարարի օգնական Լի Հուիլայը ներկա գտնվեցին Երևանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դեսպանության նոր շենքի հիմնարկեքի արարողությանը:

Նմանատիպ նյութեր