211652_close_icon
views-count4130 դիտում article-date 17:18 11-08-2017

Գործարկվել է հասարակական տրանսպորտի բարեփոխումների transport.yerevan.am հանրային փոխգործակցության հարթակը

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ ներկայացվել է Երևան քաղաքի հասարակական տրանսպորտի բարեփոխումների հանրային փոխգործակցության հարթակը՝ transport.yerevan.am կայքը։ Բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը խոսելով բարեփոխումների գործընթացի, հիմնական սկզբունքների և մասնագիտական խմբի աշխատանքի առանձնահատկությունների մասին՝ ընդգծել է գործընթացում հանրության հետ փոխգործակցության անհրաժեշտությունը և այս տեսանկյունից կարևորել հարթակի ստեղծումը: «Երևան քաղաքի համար հանրային մեծ նշանակություն ունեցող այս բարեփոխումը երկար սպասված է բնակիչների և բոլորիս կողմից, և ակնհայտ է, որ գործընթացի մասին բոլորս ունենք մեր պատկերացումները։ Շատ կարևոր է լսել բոլորի կարծիքները, սակայն միաժամանակ լինել իրատես՝ հետևելով գործընթացին և հասկանալով, թե ինչ է առաջարկում մեզ միջազգային խորհրդատու կազմակերպությունը, ինչ հնարավորություններ ունենք», - նշել է Վահե Նիկոյանը՝ հավելելով, որ խորհրդատու կազմակերպությունն առաջարկում է ոչ թե վերջնական լուծումներ, այլ՝ բարեփոխումների տարբերակներ։ Քաղաքապետի տեղակալը նաև տեղեկացրել է, որ վերջնական ընտրությունը կատարվելու է աշխատանքային խմբի ներկայացուցիչների և Երևան քաղաքի բնակիչների հետ համատեղ քննարկումների արդյունքում։ Բարեփոխումների պաշտոնական կայքում առկա է տեղեկատվություն ինչպես WYG միջազգային խորհրդատվական ընկերության և վերջինիս կողմից տրամադրված զեկույցների, այնպես էլ մասնագիտական աշխատանքային խմբի նիստերի և մինչ այժմ քննարկված հարցերի վերաբերյալ։ «Քաղաքային կայուն զարգացման ներդրումային ծրագրի» ղեկավար Նորա Մարտիրոսյանն իր հերթին նշել է, որ փորձել են հնարավորին ամբողջական տեղեկատվություն ներկայացնել հանրությանը։ Հարթակը հնարավորություն է ընձեռելու նաև գործընթացի հետ կապված տարբեր հարցերի վերաբերյալ քաղաքացիների կարծիքը ստանալ քվեարկությունների միջոցով: «Բացի պաշտոնական կայքից, ունենալու ենք նաև սոցիալական ցանցերում ակտիվ էջեր, որոնց միջոցով հանրությունը հնարավորություն կունենա ակտիվորեն ներգրավվելու գործընթացում։ Այսինքն՝ մենք փորձել ենք առաջարկել գործընթացին քաղաքացու մասնակցության հնարավորին մատչելի տարբերակներ», - նշել է Նորա Մարտիրոսյանը։ .transport.yerevan.am կայքը պատրաստվել է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ-ի կողմից: Կենտրոնի տնօրեն Սարգիս Մանուկյանի խոսքով փորձել են հանրային այս հարթակը այցելուների համար դարձնել հնարավորին պարզ ու հեշտ կիրառելի։ transport.yerevan.am կարելի է մուտք գործել նաև ինչպես բջջային հեռախոսների, այնպես էլ այլ կրիչների միջոցով: Նաև նշվել է, որ կայքի բովանդակությունը հնարավորին օպերատիվ թարմացվելու է, իսկ աշխատանքային թիմն էլ ապահովելու է կայքի անխափան և անվտանգ աշխատանքը՝ գործընթացի ամբողջ ժամանակահատվածում։ Ասուլիսի շրջանակում հասարակական տրանսպորտի բարեփոխումների գործընթացի մասնագիտական աշխատանքային խմբի ղեկավար, Երևանի քաղաքապետի տեղակալ Վահե Նիկոյանը պատասխանել է նաև բարեփոխումների վերաբերյալ լրագրողներին հետաքրքրող հարցերին:

Նմանատիպ նյութեր