211652_close_icon
views-count4912 դիտում article-date 09:34 29-08-2017

Սերժ Սարգսյանը պատասխանեց Պուտինին և Հոգլանդին. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Սերժ Սարգսյանի պատասխանը ռուս-ամերիկյան ճնշումներին ավելի շուտ եղավ, քան կարելի էր ակնկալել: Շաբաթ օրը Սարգսյանը ավանդույթի համաձայն այցելել է «Բազե» համահայկական երիտասարդական հավաքի մասնակիցներին, պատվոգրեր հանձնել, ողջույնի խոսք ուղղել, ինչպես նաև՝ պատասխանել է երիտասարդների հարցերին: Քիչ առաջ «Արմենպրեսը» որոշակի մանրամասներ հաղորդեց նշյալ հարցուպատասխանից: «Հանրապետության նախագահից ճամբարականները հետաքրքրվել են, թե որքանով են ճիշտ այն խոսակցությունները, որ Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման ժամանակ քննարկվել է Արցախում խաղաղապահների տեղակայման հարցը: «Մենք ոչ միայն խաղաղապահ ուժերի մասով քննարկում չենք անցկացրել, այլ ընդհանրապես քննարկում չենք անցկացրել: Ես մի քանի բառով ուղղակի ներկայացրել եմ իրավիճակը, որ այսօր տիրում է շփման գծում և ասել եմ իմ պատկերացումը մեր հարևանի մտադրությունների հետ կապված: Ընդամենը: Ուրիշ որևէ այդպիսի հարց չենք քննարկել»,- ասել է նախագահ Սարգսյանը»,- փոխանցում է «Արմենպրեսը»։ Ի՞նչ է ասում Սերժ Սարգսյանը: Նա ասում է, որ ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ Ղարաբաղյան հարցի մասին ինքն է խոսել, այն էլ՝ հպանցիկ: Ստացվում է, որ Վլադիմիր Պուտինը լսողի դերում է եղել և ոչինչ չի պատասխանել: Եթե նույնիսկ այդպես չէ, ապա Սարգսյանի այս հայտարարությունը նշանակում է, որ էական չէ, թե ինչ է ասել ՌԴ նախագահը: «Արմենպրեսը» նաև հաղորդում է. «Սարգսյան-Պուտին հանդիպման հետ Ռիչարդ Հոգլանդի հայտարարության կապի մասին հարցին՝ նախագահը պատասխանել է, որ այդ երկու իրադարձությունների միջև կապը քիչ հավանական է համարում, մանավանդ, որ Մինսկի խմբի ամերիկացի նախորդ համանախագահողն էլ պաշտոնաթողությունից հետո նույնպես ավելի ազատ կարգավիճակով էր կարծիք հայտնել բանակցությունների վերաբերյալ: «Հոգլանդը թողնում է իր աշխատանքը և մի օր իր եզրակացությունը շատ ավելի ազատ կարգավիճակով պետք է հայտներ, որովհետև մի բան է լինել գործող համանախագահ, մեկ այլ բան է, երբ պաշտոնաթող է: Եթե հիշում եք՝ նախորդն էլ էր այդպես: Ընդհանրապես, այդպիսի ավանդույթ է ձևավորվել, որովհետև այդ դեպքում նրա խոսքերը չեն պարտավորեցնում՝ վաղը, մյուս օրը նա բանակցությունների չի մասնակցելու, որպեսզի կողմերից մեկը նրա խոսքերին հղում չանի, չասի՝ դու այսպես ասացիր»: Ռուս-ամերիկյան ճնշումներն, այսպիսով, եռագույն հագած երիտասարդների առաջ գեղեցիկ փաթեթավորվեցին մեկ փաթեթի մեջ և ետ ուղարկվեցին հեղինակներին: Սարգսյանը ևս մեկ կարևոր հայտարարություն է արել. նա ասել է, որ Հայաստանը ԵՄ-ի հետ ստորագրելու է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը: «Մենք այդ փաստաթուղթը չստորագրելու որևէ պատճառ չունենք»,- ասել է նա»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր