211652_close_icon
views-count4670 դիտում article-date 10:54 29-08-2017

Ազգային շահի քաղաքական, բարոյական հստակ ձևակերպում չկա. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Հաճախ միևնույն թեմաները ծամծմող կայքերի և ոչ ադեկվատ մարդկանց ֆեյսբուքյան «ջղային» գրառումների և մեկնաբանությունների ֆոնի վրա համացանցում կարելի է գտնել նաև լուրջ հոդվածներ՝ չափազանց արդիական թեմաներով: Այդ հոդվածներում չկան «խարազանումներ», մեղադրանքներ և պիտակներ՝ զուսպ վերլուծություն է մտածող մարդկանց համար: Խոսքս տվյալ դեպքում armenian-interest.com («Հայկական շահ») կայքում քաղաքագետ Արեգ Գալստյանի «Հայկական բրենդը որոնելիս» հոդվածի մասին է: Թեման քաղաքական բրենդն է, որի տակ հեղինակը հասկանում է «բոլոր ազգային ուժերի հավաքագրումը, որը նպաստում է երկրի իմիջի քարոզչությանը՝ դրա սահմաններից դուրս»: Պարզ է, որ այդ մենք մեզ համար պետք է տանք որոշակի հարցերի պատասխաններ, և դրանցից առաջինը հետևյալն է՝ ո՞վ ենք մենք՝ հայաստանցիներս: Արդյոք մենք էթնիկ մի համախո՞ւմբ ենք, որն ապրում է միջազգայնորեն ճանաչված պետության սահմաններում, թե՞ քաղաքական ազգ ենք՝ իր ձևավորված ազգային շահերով: Հավանաբար, առայժմ էթնիկ համախումբ ենք, որովհետև այդ շահերը, կարծես թե, ձևակերպված չեն: Երկրորդ հարցն այն է, թե ուր ենք մենք գնում: Պաշտոնապես, կարծես թե, հայտարարված է՝ ժողովրդավարություն, խոսքի ազատություն, իշխանությունների բաժանում, այսինքն՝ քաղաքական Արևմուտք: Բայց արդյո՞ք մեր հասարակության նախապատվությունների մեջ կան այդ արժեքները: Ինձ թվում է՝ ոչ: Մեր հասարակության մեջ տիրում է արևմտյան արժեքների մասին խեղաթյուրված պատկերացում, որը ձևավորվում է նաև ռուսաստանյան քարոզչության ազդեցության տակ: (Էլ չեմ խոսում «հայու գենի» շուրջ հյուսվող անհեթեթությունների մասին): Վերջապես երրորդ հարցն է՝ ինչո՞վ ենք մենք հետաքրքիր աշխարհի հիմնական քաղաքական խաղացողներին: Ավանդական պատասխանն է՝ Հայոց ցեղասպանությամբ: Բայց դա, ըստ հեղինակի (որի հետ համաձայն եմ), ավելի շուտ բարոյական, քան քաղաքական խնդիր է: Ուրիշ հարց՝ Արցախի անկախության համար պայքարը: Սակայն այդ պայքարն ինքնին քիչ է՝ այն պետք է մաս կազմի ավելի ընդհանուր ձևակերպված ազգային շահի կարևոր բաղադրիչներից մեկի: Իսրայելի ազգային բրենդն է՝ «Իսրայելը սուրբ հող է, որն Աստծո կողմից նվիրվել է ընտրյալ ժողովրդին»: Դրա շուրջ է կառուցվում այդ երկրի պետականությունը, դա է «ձգողականության կենտրոնը» աշխարհի բոլոր հրեաների համար: Մեզ մոտ չկա նման հստակ քաղաքական, բարոյական և, ենթադրում եմ, մասամբ նաև՝ կրոնական ձևակերպում: Նման բան չէր էլ կարող լինել, որովհետև ի տարբերություն հրեաների և իռլանդացիների՝ մենք չենք ունեցել կազմակերպված պետականամետ փոքրամասնություն (արիստոկրատիա, էլիտա), որը տևական ժամանակ անկախության էր պատրաստում անկազմակերպ մեծամասնությանը: Բայց, ինչպես և այլ դեպքերում, այս պարագայում նույնպես, արձանագրենք՝ այժմ էլ ուշ չէ»: [b]Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր