4915 դիտում
10:03 07-09-2017
«Ռազմավարական դաշնակիցը» Ադրբեջանի նախագահական կլանի «կոռուպցիոն դաշնակիցն» է. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում . «Միջազգային հեղինակավոր մամուլում կրկին ալիևյան կոռուպցիոն պատմություններ են, որոնցում այս անգամ ներգրավված է նաև Հայաստանի «ռազմավարական դաշնակցի» ռազմաարդյունաբերական ընկերություններից մեկը՝ «Ռոսօբորոնէքսպորտ»-ը:
Հայաստանը հայտնվել է շատ բարդ դրության մեջ: Մի կողմից՝ Ալիևի կոռուպցիոն հերթական մերկացումն է միջազգային մամուլում, մյուս կողմից՝ այդ մերկացումը «հանում» է նաև «ռազմավարական դաշնակցի» ռազմական արդյունաբերության ընկերություններից մեկի «հագուստը»: Փաստորեն, հայհոյելով Ալիևին, օգտագործելով կոռուպցիոն հերթական սկանդալը նրա շուրջ՝ Հայաստանը կարող է «ակամայից» տրորել նաև «դաշնակցի» ոտքը: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանի «ռազմավարական դաշնակիցը» Ադրբեջանի նախագահական կլանի, այսպես ասած, «կոռուպցիոն դաշնակիցն» է:
Այստեղ բավական է մի պարզ ճշմարտության հիշեցում՝ ոչինչ այդքան չի միավորում, որքան «համատեղ գործած հանցանքը»: Այժմ, թերևս, պարզ է ռուս-ադրբեջանական ռազմավարական գործընկերության, այսպես ասած, ամբողջ պերճանքն ու թշվառությունը: Ակնհայտ է դառնում, որ այդ գործընկերությունը անգամ չի համապատասխանում այն արդարացումներին, թե Ռուսաստանն ունի իր շահը և հենց այդ շահի տրամաբանությամբ է Ադրբեջանի հետ գործընկերությունը խորացնում: Պարզվում է, որ չկա Ռուսաստանի շահ, կա ընդամենը Ռուսաստանի իշխանությունում գտնվող խմբավորումների, այսպես ասած, ֆինանսական շահ, որի համար էլ ձևավորվում է, այսպես ասած, ռուս-ադրբեջանական գործընկերությունը: Սա նաև Հայաստանի պետականության պերճանքն ու թշվառությունն է, երբ մենք ստիպված ենք մեզ դաշնակից անվանել մի սուբյեկտի, որը մեր հակառակորդի, մեզ պատերազմով և ոչնչացումով սպառնացող իշխանական կլանի հանցակիցն է:
Միևնույն ժամանակ, ստեղծվում է հետաքրքիր մի վիճակ՝ մերկացվում է Հայաստանի դեմ ռուսական քաղաքականության հանցավոր բնույթի մի նոր ու միջազգային հնչեղության դրվագ, մերկացվում է, այսպես ասած, միջազգային հանրության ջանքով: Ակնհայտ է, որ այդ դրվագը Հայաստանի համար, այսպես ասած, բարոյական գործոն է Ռուսաստանի դեմ: Այստեղ, իհարկե, հարց է առաջանում, թե Հայաստանն ինչպե՞ս կարող է օգտագործել այդ գործոնները քաղաքական և դիվանագիտական դիվիդենտներ ստանալու համար: Այդ հարցի պատասխանը բավականին բարդ է, քանի որ պարզ չէ, թե Հայաստանն ինչպիսի կամք և կարողություն ունի համարձակորեն օգտագործելու այն:
Սակայն ուշագրավ է, որ այդ սկանդալին զուգահեռ, Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանն անում է բավականին հետաքրքիր հայտարարություն այն մասին, որ ՄԱԿ Անվտանգության խորհրդում անհրաժեշտ է արգելանք դնել ղարաբաղյան հակամարտության գոտի զենքի վաճառքի վրա: Քոչարյանը նաև ակնարկում է, որ այստեղ խնդիրը Մինսկի խմբի երեք համանախագահների համաձայնությունն է, որոնք երեքն էլ ՄԱԿ Անվտանգության խորհրդի մշտական անդամ են: Այդպիսով, Քոչարյանը նաև հստակ ակնարկում է, որ այստեղ այդ արգելանքի դեմ է Ռուսաստանը, այսինքն՝ Մոսկվան է միայն, որ չի համաձայնում արգելանքի գաղափարին: Դա արձանագրելը բավականին դյուրին է, քանի որ միայն Ռուսաստանն է համանախագահ եռյակի երկրներից Ադրբեջանին զենք վաճառողը:
Այսպիսով, միջազգային մամուլը բարձրաձայնում է Ալիևի նոր կոռուպցիոն պատմություններ և դրանց «Ռոսօբորոնէքսպորտ»-ի ներգրավվածությունը, իսկ Հայաստանն ԱԳՆ տեղակալի մակարդակով բարձրաձայնում է զենքի վաճառքի արգելք սահմանելու անհրաժեշտության և դրան Ռուսաստանի դեմ լինելու մասին: Բայց այդքա՞նն է, որ կարողանում է կամ իրեն թույլ է տալիս Հայաստանը: Թվում է, թե քիչ չէ, սակայն հարցն այն է, որ դա ոչինչ է այն գործիքի համեմատ, որ Հայաստանին «տրվում» է միջազգային հետաքննության և տեղեկատվական հոսքի միջոցով:
Ի դեպ, այս տեսանկյունից իրավիճակը հետաքրքիր է մի քանի օր առաջ ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլզի հայտարարության ֆոնին, որ ԱՄՆ-ն ցանկանում է համոզվել, թե արդյո՞ք Հայաստանը ինքնիշխան որոշումներ է կայացնում, և գործիքներ է տրամադրում Հայաստանին այդ որոշումները կայացնելու համար: Փաստացի, Հայաստանին տրամադրվել է ինքնիշխանության գործիք՝ միջազգային մամուլում ռուս-ադրբեջանական կոռուպցիոն դաշնակցության մասին հրապարակումների տեսքով: Այժմ թերևս միջազգային հանրությունը հետևելու է, թե Հայաստանն ինչպես է կարողանում իր ինքնիշխանության համար օգտագործել այդ ընձեռված գործիքը»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]
Նմանատիպ նյութեր
1346 դիտում
16:23 09-12-2022
Հայաստանը ՀԱՊԿ-ում մեր դաշնակիցն է եւ Անդրկովկասում առանցքային ռազմավարական գործընկերը. Շոյգու
12782 դիտում
11:44 08-10-2020
Ժնևն Ալիևների կլանի դեմ պատժամիջոցների պահանջով է դիմավորում Ադրբեջանի ԱԳ նախարարին
2309 դիտում
22:21 29-05-2021
Օգնեք մեզ, սանկցիաներ կիրառեք ինչպես Ադրբեջանի, Ալիևների կլանի դեմ. Մարուքյանը` եվրոպական ժողովուրդներին
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3223 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2239 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը