152740 դիտում
18:16 07-09-2017
Կենտրոնի դատարանը կալանավորեց Երևանում աղմկահարույց ու ողբերգական ավտովթարի կասկածյալներ՝ «Գառնիի Սուրիկի լավաշի» 23-ամյա թոռանն ու 27-ամյա փրկարարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարաչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևան քաղաքի Բաղրամյան 4-րդ նրբանցքի բնակիչ, 23-ամյա Արթուր Հակոբյանի և Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 27-ամյա Լևոն Հակոբյանի նկատմամբ:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջիններս կասկածվում են սեպտեմբերի 5-ին Երևանում՝ Աճառյան փողոցում, Ֆորդ «Ֆորա» ՍՊԸ-ի դիմաց խոշոր ու ողբերգական ավտովթարում մասնակցություն ունենալու մեջ:
Ա. Հակոբյանը եղել է Hummer մակնիշի ավտոմեքենայի վարորդը, իսկ Լ. Հակոբյանը՝ Honda Accord մակնիշի ավտոմեքենայի վարորդն է եղել, ում պատճառով էլ տեղի է ունեցել ողբերգական ավտովթարը, ինչի հետևանքով Opel-ի ուղևոր, 11-ամյա աղջիկը տեղում մահացել էր, իսկ 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Քիչ առաջ նշված դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ սկսվել է դռնփակ դատական նիստը, որտեղ քննվում է Ա. Հակոբյանի խափանման միջոց ընտրելու քնիիչի միջնորդությունը:
Դռնփակ դատական նիստից հետո դատավորը գնալու է խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, որից հետո քննվելու է Լ. Հակոբյանի հարցը, ով աշխատում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատում, որպես օղակի հրամանատար:
[color=#CC0000]***
19:30
Քիչ առաջ ֆոտոլրագրողը հայտնեց, որ դատավոր Ա. Բեկթաշյանը բավարարել է ՀԿԳ ավագ քննիչ Ա.Տոնոյանի միջնորդությունը և նշված անձինք կալանավորվել են:[/color]
Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/09/06/1076587/]հայտնել էինք[/url], որ սեպտեմբերի 6-ին Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության պետի տեղակալ Արտաշես Վանյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Արգիշտի Տոնոյանի որոշմամբ ձերբակալվել էր Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ՝ 27-ամյա Լևոն Հակոբյանը։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության քննիչները Ոստիկանության Նոր Նորքի բաժնի և Ոստիկանության Ավանի բաժանմունքի ծառայողների հետ հսկայածավալ օպերատիվ-հետախուզական, քննչական ու բացատրական համատեղ գործողությունների արդյունքում հայտնաբերել էին Լ. Հակոբյանին, ով գիշերը, ժամը 03։00-ի սահմաններում ներկայացել էր Ոստիկանություն և խոստովանել, որ նախորդ օրը Աճառյան փողոցի 42 հասցեի դիմաց իր վարած Honda Accord մակնիշի 7911 HA տրանզիտ համարանիշի ավտոմեքենայով ճանապարհի չթույլատրելի հատվածում հետադարձ էր կատարել և խոչընդոտել էր Hummer մակնիշի ավտոմեքենայի երթևեկությանը, ինչն էլ դարձել էր խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ, ինչի հետևանքով 11-ամյա աղջիկը տեղում մահացել էր, իսկ 3 հոգի էլ, ովքեր մահացածի հարազատներն են, մարմնական վնասվածքներով տեղափոխվել էին «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ դեպքի վայրում Hummer-ի վարորդը հայտարարլ էր, որ վթարի մեղավորը մեկ այլ ավտոմեքենայի վարորդ է եղել, ով ստեղծել է վթարային իրավիճակ, և ոստիկաններն ու քննիչները սկսել էին աշխատել նաև այդ ուղղությամբ։
Հայտնաբերվել էր նաև տեսանյութ, որն ապացուցում էր, թե ինչպես էր Լ. Հակոբյանը խախտել ճանապարհային երթևեկության կանոնները, ինչն էլ դարձել էր խոշոր ու ողբերգական ավտովթարի պատճառ։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Լ. Հակոբյանն աշխատում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Ավանի թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատում՝ որպես օղակի հրամանատար։ Ոստիկաններն ու քննիչները, եթե չհայտնաբերեին տեսախցիկի նկարահանած տեսանյութը, ապա վթարային իրավիճակից հետո դեպքի վայրից փախուստի դիմած Լ. Հակոբյանը և նրա Honda Accord մակնիշի ավտոմեքենան չէր հայտնաբերվի, և շատերը կմտածեին, որ Hummer-ի վարորդն արդարանում էր՝ փորձելով իրավապահներին մոլորեցնել։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[color=#CC0000]Դեպքի վերաբերյալ մանրամասները կարող եք դիտել կիրակի՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 22:00-ին,«Արմենիա» հեռուստաընկերությամբ հեռարձակվող «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում։
[/color]
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 207+
207+