211652_close_icon
views-count7514 դիտում article-date 16:50 08-09-2017

Տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունում տեղի է ունեցել Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի հերթական նիստը, որը վարում էր խորհրդի նախագահ, ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Նիստի սկզբում Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Գեղամ Գևորգյանը ներկայացրել է Հիմնադրամի կողմից մշակված «Գյուղատնտեսության զարգացման հիմնադրամի գյուղատնտեսական խորհրդատվական ծառայությունների մատուցման ուղեցույցը», որում ընդգրկված են գյուղատնտեսության խորհրդատվության հիմնական առաքելությունն ու նպատակները, նախանշված միջոցառումների անցկացման մեթոդաբանությունը: Փաստաթղթի համաձայն` գյուղատնտեսական խորհրդատվության հիմնական գործառույթներն են ֆերմերներին և գյուղատնտեսական կոոպերատիվներին աջակցության ցուցաբերումը, ուսուցման և մասնագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպումը, գյուղատնտեսության ոլորտում տեղեկատվական համակարգի զարգացումը, ֆերմերային տնտեսություններում աշխատանքների պլանավորման ու կառավարման գործընթացին օժանդակումը, խորհրդատվական արդյունավետ գործիքակազմի կիրառումը, անհատական խորհրդատվության մատուցում և այլն: Միաժամանակ կարևորվել է խորհրդատվական համակարգում փորձառու և ժամանակակից գիտելիքներով զինված մասնագետների ներգրավումը: Օրակարգային հարցերի թվում էր նաև նոր ընկերության հիմնադրման հարցը: Ընկերության հիմնական գործունեությունն ուղղված է լինելու ապահովել փոքր ու միջին կազմակերպությունների արտադրանքի վաճառքը միասնական ապրանքանիշի ներքո: Նիստի ընթացքում ներկայացվել է նաև Հիմնադրամի Գյուղատնտեսության խորհրդատվության տնօրինության հաշվետվությունը, որում հանգամանորեն ներկայացվել են գյուղատնտեսական խորհրդատվության մարզային կառույցների կողմից վերջին ամիսների ընթացքում իրականացված ծրագրերն ու միջոցառումները, այդ թվում` նաև անհատական խորհրդատվությունների տրամադրումը, ՀՀ գյուղատնտեսության նախարարության կողմից իրականացվող ծրագրերի վերաբերյալ իրազեկումը: Նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր