211652_close_icon
views-count4855 դիտում article-date 23:30 08-09-2017

Մեկնարկում է Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը. համերգներով կհյուրընկալվեն 20-ից ավելի հանրահայտ մենակատարներ աշխարհի տարբեր երկրներից

ՀՀ Նախագահի տիկին Ռիտա Սարգսյանի բարձր հովանու ներքո, ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ ս. թ. սեպտեմբերի 11-ից հոկտեմբերի 27-ը Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը ներկայացնում է Երևանյան 11-րդ միջազգային երաժշտական փառատոնը: Փառատոնի շրջանակում Արամ Խաչատրյան համերգասրահում սիմֆոնիկ և կամերային համերգներով կհյուրընկալվեն 20-ից ավելի հանրահայտ մենակատարներ աշխարհի տարբեր երկրներից: Փառատոնի բացմանը հանդես կգան իտալացի հանրահայտ կլարնետահար Ալեսանդրո Կարբոնարեն և 15-ամյա հրաշամանուկ դաշնակահար Ալեքսանդր Մալոֆեևը /Ռուսաստան/: Ծրագրում՝ Մոցարտ, Չայկովսկի և Բորոդին /դիրիժոր՝ Էդուարդ Թոփչյան/: Փառատոնի ընթացքում նախատեսված են հոբելյանական համերգներ: Սեպտեմբերի 18-ին կնշվի Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը, սեպտեմբերի 24-ին` ՀՀ անկախության օրը: Սեպտեմբերի 29-ին հոբելյանական համերգով կնշվի մեծ ջութակահար Ռուբեն Ահարոնյանի ծննդյան 70-ամյակը: Հոկտեմբերի 27-ին` փառատոնի փակմանը, հոբելյանական համերգով կնշվի մեծ դիրիժոր Օհան Դուրյանի 95-ամյակը: Հատուկ համերգներ են սպասվում հոկտեմբերի 6-ին. բանդոնեոնահար Պաբլո Մաինետտին ֆիլհարմոնիկի լարային կազմի հետ կներկայացնի արգենտինական տանգոյի երեկո /կլինեն նաև պարային կատարումներ/, հոկտեմբերի 12-ին գերմանացի երկու դաշնակահարներ կներկայացնեն «Դաշնամուրամարտ» ստեղծագործությունը: Փառատոնի գեղարվեստական ղեկավարներ՝ Էդուարդ Թոփչյան և Ալեքսանդր Չաուշյան:

Նմանատիպ նյութեր