211652_close_icon
views-count4270 դիտում article-date 22:50 08-12-2016

Դեկտեմբերի 10-ին կայանալիք գալա համերգով կամփոփվի Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը. Հայաստան են ժամանել հայտնի մենակատարներ

Դեկտեմբերի 10-ին կայանալիք գալա համերգով կամփոփվի Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնը։ Կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես կգա մենակատար Հայկ Կազազյանը (ջութակ)։ Անցած երկու ամիսների ընթացքում խաչատրյանական փառատոնը սիմֆոնիկ﹐կամերային համերգներ﹐ բալետային ներկայացումներ է նվիրել երաժշտասեր հանրությանը﹐ Հայաստան են ժամանել հայտնի մենակատարներ﹐ դիրիժորներ﹐ անցկացվել են վարպետության դասեր։ Փառատոնի կազմակերպիչ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը﹐Արմենպրեսի մամուլի սրահում անդրադառնալով Խաչատրյանի 4-րդ միջազգային փառատոնին﹐ նշել է﹐ որ այն շատ լայն ընդգրկում ունի﹐ կայացած փառատոն է և համապատասխանում է միջազգային չափանիշներին։ Սերգեյ Սմբատյանը ընդգծել է﹐ որ փառատոնի ընթացքում ունեցել են բացառիկ կատարումներ﹐ հետաքրքիր ծրագրեր։ Նա նաև ընդգծել է այն փաստը﹐ որ փառատոնը համացանցով հեռարձակվել է ուղիղ եթերում, ինչը խոսում է փառատոնի﹐ մենակատարների﹐ նվագախմբի երաժիշտների որակի մասին։ Պրոֆեսիոնալ դաշտում﹐ ըստ բանախոսի﹐ դա շատ մեծ ձեռքբերում է։ Մաեստրո Սմբատյանը խոսել է նաև 2017-ին անցկացվելիք Խաչատրյանի 5-րդ փառատոնի մասին։ Պարոն Սմբատյանը շեշտել է﹐որ 2017-ին նշվելու է Հովհաննես Այվազովսկու 200-ամյակը﹐ և կազմակերպիչները պատրաստվում են խաչատրյանական հաջորդ փառատոնի բովանդակությունը սերտորեն կապել Այվազովսկու արվեստի հետ։ Դիրիժորը խոստովանում է﹐ որ դժվար է լինելու իրագործել այդ գաղափարը, սակայն ամեն ինչ անելու են՝ մեր հերոսներին և բարձր արժեքները մարդկանց ներկայացնելու համար։ 2017-ին նույնպես հանդես են գալու սիմֆոնիկ﹐ կամերային ծրագրերով﹐ Հայաստան են հրավիրելու հանրահայտ մենակատարների։ Երիտասարդական նվագախմբի ղեկավարը նշել է նաև﹐ որ հաջորդ տարի մեծ ուշադրություն է դարձվելու վարպետության դասերին﹐ դրանց թիվն ավելացվելու է։ Պարոն Սմբատյանը նկատում է նաև﹐ որ իրենց համար շատ կարևոր է﹐ որպեսզի ունկնդիրը լսի նոր երաժշտություն. «Մենք կառուցում ենք մեր ծրագիրն այն հետաքրքրությունների շուրջ, որ ունեն նվագախումբն ու ունկնդիրը: Կարևոր է, որ դահլիճները լինեն լեփ-լեցուն: Կարևոր է նաև ներկայացնել նոր երաժշտություն, նոր կոմպոզիտորների ստեղծագործություններ»։ Սերգեյ Սմբատյանը պատասխանել է նաև լրագրողների՝ Համահայկական նվագախմբի հետ առնչվող հարցերին։ «Նվագախմբի մասին շատ են խոսում, ինչը բոլորիս ոգևորում է: 2015 թվականի ապրիլի 24-ին Հայաստան եկան լավագույն երաժիշտները՝ 24/04 համաշխարհային նվագախմբի մաս կազմելու համար: Մեզ համար դա մեծագույն ձեռքբերում էր: Սեպտեմբերի 21-ին տեղի ունեցավ «Անկախության սերունդ» համահայաստանյան նվագախմբի ու երգչախմբի համերգը: Համահայկական նվագախմբի համար պետք է ազնիվ ձևաչափ ընտրենք: Այն պետք է ծառայի իր առաջնային առաքելությանը. աշխարհին պետք է ցույց տանք, որ միասնական ենք»,- ասել է Սերգեյ Սմբատյանը: Նրա խոսքով՝ եթե Համահայկական նվագախումբը համալրվի միայն այն երաժիշտներով, ովքեր Հայաստանը լքել են բարդ տարիների ընթացքում,  նվագախմբի առաքելությանը չի նպաստի։ «Պետք է կազմում ընդգրկվեն աշխարհի տարբեր երկրներում  կայացած հայ երաժիշտներ: Պետք է ստեղծենք այն արժեքը, որով աշխարհին ցույց տանք, որ կարող ենք լինել միասին: Երաժշտությունն իր շուրջ է հավաքում տարբեր սերունդների, տարբեր մայրցամաքներում ապրող, տարբեր գաղափարախոսության տեր մարդկանց»,- ասել է Սմբատյանը:

Նմանատիպ նյութեր