211652_close_icon
views-count6157 դիտում article-date 13:10 15-09-2017

Իտալական և հոլանդական ընկերությունները կօժանդակեն Հայաստանի գյուղատնտեսությունում նորագույն տեխնոլոգիաների ներդրմանը

ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն նախօրեին ընդունել է իտալական հանրահայտ «Լուկինի», «Վալենտե», «Տերասպե», «Սալվի», «Ֆրութ Կոնտրոլ», «Ըդվայս Քնսալթինգ», հոլանդական «Հորդիլայֆ» և նրանց հայաստանյան գործընկեր «Էկոշին գրուպ» ընկերության ներկայացուցիչներին` ագրարային ոլորտում պետական աջակցության մի շարք ծրագրերի շրջանակում համագործակցության հնարավորությունները քննարկելու նպատակով: Ընկերությունները զբաղվում են ջերմոցային կոնստրուկցիաների, կարկտապաշտպան ցանցերի, նորագույն սառնարանների արտադրությամբ, տնկարանային տնտեսությունների հիմնմամբ և այգեգործական խորհրդատվական ծառայությունների մատուցմամբ: Նախարարը տեղեկացրել է, որ 2018 թվականից Հայաստանում մեկնարկելու են արդյունաբերական գյուղատնտեսության զարգացմանը նպատակաուղղված սուբիսդավորման ծրագրեր, որոնց շրջանակում ֆերմերներին կտրամադրվեն մատչելի տոկոսադրույքով վարկեր մասնավորապես կաթիլային ոռոգման համակարգերի, կարկտապաշտպան ցանցերի ներդրման, ինտենսիվ այգիների հիմնման նպատակով: Քննարկվում է ջերմատների և սառնարանային տնտեսությունների զարգացմանն ուղղված ծրագրերի մշակման հնարավորությունը: «Հայաստանը հայտնի է իր պտուղ-բանջարեղենով, մենք ունենք բարենպաստ եղանակային պայմաններ ջերմոցային տնտեսությունների զարգացման համար, մեծ շուկա` ի դեմս ԵԱՏՄ երկրների, կան շատ հողատարածքներ, որտեղ կարելի է ներդնել այդ տեխնոլոգիաները և ինտենսիվ գյուղատնտեսություն վարել: Մշակված պետական աջակցության ծրագրերը լավ հնարավորություն են ստեղծում համագործակցության համար, ուստի առաջարկում ենք այստեղ գործունեություն ծավալել, ինչը երկուստեք շահավետ կլինի»,-մասնավորապես նշել է գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը: Հյուրերը շնորհակալություն են հայտնել նախարար Առաքելյանին ընդունելության համար և ընդգծել են, որ պատրաստ են փոխանցել իրենց երկարամյա փորձը, մասնագիտական բարձրակարգ խորհրդատվություն տրամադրել ֆերմերներին և համագործակցել պետական աջակցության ծրագրերի շրջանակում իրենց հայաստանյան գործընկերոջ միջոցով: «Լուկինի» ընկերության ներկայացուցիչը հավելել է, որ իրենք արդեն Հայաստանում փորձնական ծրագիր են իրականացնում, Հրազդանում հիմնել են եվրոպական արտադրության ցուցադրական ջերմատուն: Նախարարը իր հերթին շնորհակալություն է հայտնել հյուրերին հրավերին արձագանքելու համար` հույս հայտնելով, որ իտալական և հոլանդական ընկերությունների հետ համագործակցությունը կնպաստի, որպեսզի Հայաստանի այգեգործության և ջերմոցաշինության ոլորտները մի քանի տարի անց զգալի առաջընթաց ունենան: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև ուսուցման կենտրոնների ստեղծման, տնկարանային տնտեսության հիմնման և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր ևս:

Նմանատիպ նյութեր